կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱԱ․ Ռինգ դուրս կգան Հովհաննես Բաչկովը, Նարեկ Մանասյանը եւ Ռաֆայել Հովհաննիսյանը

ԱԱ․ Ռինգ դուրս կգան Հովհաննես Բաչկովը, Նարեկ Մանասյանը եւ Ռաֆայել Հովհաննիսյանը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մայիսի 10-ին ռինգ դուրս կգան Հայաստանի ներկայացուցիչներ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) եւ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), որոնք կանցկացնեն քառորդ եզրափակիչի մենամարտերը եւ հաղթանակի դեպքում՝ կապահովեն առնվազն բրոնզե մեդալ։

Հայաստանի հավաքականի առաջատար, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը  քառորդ եզրափակիչում կմենամարտի Կոլումբիայի ներկայացուցիչ Խոսե Մանուել Վիաֆարայի հետ (ցերեկային մրցահերթ Երեւանի ժամանակով 13:00-ից)։

Նախորդ մենամարտում Հովհաննես Բաչկովը 5:0 հաշվով հաղթել էր Թուրքիայի ներկայացուցիչ Կանլի Բիլգե Կագանին։

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը քառորդ եզրափակիչում կմենամարտի իսպանացի Էմանուել Ռեյեսի հետ (ցերեկային մրցահերթ)։

Նարեկ Մանասյանը 1/8 եզրափակիչում 5:0 հաշվով առավելության էր հասել իրանցի Պուրիա Ամիրիի նկատմամբ:

Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը քառորդ եզրափակիչում կմենամարտի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշիտաշվիլիի հետ (երեկոյան մրցահերթ Երեւանի ժամանակով 17:00-ից)։

Ռաֆայել Հովհաննիսյանը 1/8 եզրափակիչում պարտության էր մատնել Թուրքիայի ներկայացուցիչ Հական Կոչին։

Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (92+ կգ) 1/16 եզրափակիչում 0:5 հաշվով պարտվել է չինացի Դանաբիեկե Բայկեվուզիին։ Բարեղամ Հարությունյանը (48 կգ) 1/16 եզրափակիչում 0:4 հաշվով պարտվել է կուբացի Ալեխանդրո Կլարոյին։ Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) 1/16 եզրափակիչում 1:4 հաշվով պարտվել է Տայպեի ներկայացուցիչ Պո-Վեյ Տուին։

Եվրոպայի փոխչեմպիոն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը 1/16 եզրափակիչում 5:0 հաշվով հաղթել էր իրանցի Պոուրիա Աբդուլմալեկիերին։ 1/8 եզրափակիում 1:4 հաշվով պարտվել է հորդանանցի Յուսեֆ Յաշաշին:

54 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուսլան Ասլիկյանը մեկնարկային 1/16 եզրափակիչում մենամարտում 0:5 հաշվով պարտվել է Վենեսուելայի ներկայացուցիչ Սեգունդո Ֆինոլ Ռիվասին:

60 կգ քաշային կարգում Արթուր Ղազարյանը 1/16 եզրափակիչում նոկաուտով հաղթել էր Բուրունդին ներկայացնող Մուհամեդ Նտունգիեբոսեին, 1/8-րդ եզրափակիչում պարտվել է Զամբիայի ներկայացուցիչ Էնդրյու Չիլատային։

Համբարձում Հակոբյանը (80 կգ) 1/16 եզրափակիչում պարտվել է Չինաստանի ներկայացուցիչ Տ. Կե Թուոհետաերբիեին։

67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը 1/8 եզրափակիչում պարտվել է Մոնղոլիայի ներկայացուցիչ Միշեելտ Բատումուրին։

Մեկնարկային մենամարտում Գուրգեն Մադոյանը 5:0 հաշվով հաղթել էր Տայպեյի ներկայացուցիչ Լին Յունին։

  • Կիսվել: