ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
ԱԱ-2026․ Անգլիան, Գանան, Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում

ԱԱ-2026․ Անգլիան, Գանան, Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում

Անգլիայի ազգային հավաքականը հաղթանակով սկսեց իր ելույթները Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունում՝ խմբային փուլի առաջին տուրում առավելության հասնելով Խորվաթիայի ընտրանու նկատմամբ:

 

Դալասում կայացած L խմբի հանդիպումն աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ և ավարտվեց 4:2 հաշվով։ Անգլիացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ թիմի ավագ Հարի Քեյնը, ևս մեկական անգամ հակառակորդի դարպասը գրավեցին Ջուդ Բելինգհեմն ու Բուկայո Սական։ Խորվաթների կազմում հեղինակության գնդակներն իրենց ակտիվում գրանցեցին Մարտին Բատուրինան և Պետար Մուսան։

Հատկանշական է, որ 32-ամյա Հարի Քեյնն այս խաղում միանգամից մի քանի պատմական ցուցանիշ գրանցեց։ Նա սահմանեց աշխարհի առաջնությունների բացարձակ ռեկորդ՝ 11-մետրանոցից խփած գոլերի քանակով (5 գոլ մրցաշարի եզրափակիչ փուլերում):

 

Բացի այդ, Քեյնը կրկնեց լեգենդար Գարի Լինեկերի նվաճումը Մունդիալներում Անգլիայի հավաքականի կազմում խփած գոլերի քանակով. այժմ նրա ակտիվում կա 10 գնդակ՝ անցկացրած 12 խաղում։

Իրենց հաջորդ հանդիպումները թիմերը կանցկացնեն հունիսի 23-ին։ Անգլիան Բոստոնում կմրցի Գանայի ազգային հավաքականի, իսկ Խորվաթիան Տորոնտոյում կփորձի ուժերը Պանամայի հետ խաղում։

Աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին տուրի L խմբի երկրորդ խաղում, Կանադայի Տորոնտո քաղաքի «Բի-Էմ-Օ Ֆիլդ» մարզադաշտում, Գանայի հավաքականը նվազագույն՝ 1:0 հաշվով դրամատիկ հաղթանակ տարավ Պանամայի ընտրանու նկատմամբ։

​Հանդիպման հիմնական ժամանակն անցավ լարված ու համառ պայքարում, և թվում էր, թե այն կավարտվի գոլազուրկ ոչ-ոքիով։ Սակայն խաղի ելքը վճռվեց մրցավարի կողմից ավելացված րոպեներին. 90+5-րդ րոպեին Քալեբ Յիրենկին գրավեց մրցակցի դարպասը՝ աֆրիկյան թիմին պարգևելով կարևորագույն երեք միավոր։

​Հաջորդ տուրում Գանայի հավաքականը հունիսի 23-ին կմրցի Անգլիայի, իսկ Պանաման մեկ օր անց՝ հունիսի 24-ին, ուժերը կչափի Խորվաթիայի ընտրանու հետ։

Աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին տուրի K խմբի երկրորդ խաղում, Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի լեգենդար «Ացտեկա» մարզադաշտում, Կոլումբիայի հավաքականը 3-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։

​Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի վերջնամասում՝ 40-րդ րոպեին, բացեց կոլումբիացի Դանիել Մունյոսը։ Երկրորդ խաղակեսում՝ 60-րդ րոպեին, Աբոսբեկ Ֆայզուլաևը վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն հարավամերիկացիներին պահանջվեց ընդամենը հինգ րոպե իրենց առավելությունը վերականգնելու համար. 65-րդ րոպեին աչքի ընկավ Լուիս Դիասը։ Խաղի վերջակետը դրվեց մրցավարի կողմից ավելացված 9-րդ րոպեին (90+9′), երբ փոխարինման դուրս եկած Կամպասը խփեց Կոլումբիայի երրորդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։

​Հաջորդ տուրում Ուզբեկստանի հավաքականը հունիսի 23-ին կմրցի Պորտուգալիայի, իսկ Կոլումբիան հունիսի 24-ին կհանդիպի Կոնգոյի ընտրանու հետ։

  • Կիսվել: