Նախկինում ԶՊՄԿ-ի գումարները և ռեսուրսները օգտագործվում էին որոշակի խմբակների շահերը սպասարկելու համար, հիմա այդ գումարները գնում են ՀՀ բյուջե. Խուդոլի
Կան տարբեր ուժեր, որոնք գիտակցելով Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի մեծ նշանակությունը, ուզում են վերահսկողություն ունենալ ձեռնարկության վրա։ Այս մասին «Սյունիք» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։
«Պետք է ասեմ, որ այս 3 տարվա ընթացքում տնօրինությունը և աշխատակիցները հսկայական աշխատանք են կատարել ձեռնարկության արդիականացման ուղղությամբ, ձեռք են բերել նորագույն սարքավորումներ», - նկատել է Խուդոլին։ Ըստ նրա նախկինում Կոմբինատը պետություն էր պետության մեջ, գումարները գնում էին որոշակի խմբակների շահերի սպասարկմանը։ «Սակայն մենք արմատախիլ արեցինք այդ ամենը, հիմա այդ գումարները ուղղվում են Հայաստանի բյուջե», - ընդգծեց Խուդոլին։
Անդրադառնալով Կոմբինատի մի խումբ աշխատակիցների բողոքի ակցիային, որոնք ուլտիմատիվ կերպով պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձները՝ Խուդոլին ընդգծեց, որ ԶՊՄԿ-ի աշխատակիցների միջինացված աշխատավարձները ամենաբարձրն են ոչ միայն Հայաստանում, այլև ողջ ԱՊՀ լեռնահանքարդյունաբերության ոլիրտում։ «Արդյո՞ք հնարավոր է էլ ավելի բարձրացնել Կոմբինատի աշխատակիցների աշխատավարձը։ Մենք ինքներս ենք այդ հարցադրումը մեր առջև դրել դեռ 2024 թվականի սեպտեմբերից՝ անկախ որևէ պահանջներից և ակցիաներից։ Բայց մենք դա ուզում ենք անել համակարգված՝ հաշվի առնելով հաստիքը, որակավորումը, կատարված աշխատանքը, ստաժը։ Մենք ուզում ենք գնալ աշխատավարձերի տարբերությունները կրճատելու ճանապարհով, քանի որ նախկինում ներդրված աշխատավարձային համակարգը արդարացի չէր։ Մենք նախատեսում ենք աշխատավարձային նոր համակարգը ներդնել մի քանի ամսվա ընթացքում։ Դա հնարավորություն կտա միջինում 20% ավելացնել աշխատակիցների աշխատավարձերը», - պարզաբանել է Խուդոլին՝ ավելացնելով, որ ձեռնարկության աշխատակիցները օգտվում են հավելյալ սոցիալական արտոնություններից, որոնք չկան հայաստանյան որևէ այլ ձեռնարկությունում։
Խոսելով բողոքի ակցիայի կազմակերպիչների մասին՝ նա ընդգծել է, որ այդ մարդիկ չեն ներկայացնում կոլեկտիվը։ «Եթե կան հարցեր, դրանք պետք է օրինական ճանապարհով դրվեն և լուծվեն։ Բոլոր բարձրացված հարցերը լուծելի են և հընթացս լուծվում են, մինչդեռ այս ակցիաները ոչ միայն չեն նպաստում հարցերի լուծմանը, այլ ընդհակառակը՝ անգամներով բարդացնում են դա։ Իսկ մարդիկ, ովքեր կազմակերպել են այս ամենը, օգտագործում են կոլեկտիվը իրենց շահերին հասնելու համար, ավելին նրանք նույնիսկ սպառնում են աշխատակիցներին՝ արգելելով դուրս գալ աշխատանքի։ Այդ մարդիկ ունեն իրենց շահերը՝ ուզում են իրենց վերահսկողությունը հաստատել Կոմբինատի ռեսուրսների վրա։ Հատկանշական է, որ այդ մարդիկ Կոմբինատի աշխատակից էլ չեն՝ ավելին նրանք չեն ապրում Կապանում կամ Քաջարանում, մինչդեռ այս օրերին գտնվում են այստեղ՝ հրահրելով խռովություններ։ Սակայն այս ամենը չի մնալու անարձագանք, այն մարդիկ, ովքեր սպառնում են մեր աշխատակիցներին, անցել են բոլոր կարմիր գծերը, և մենք դիմելու ենք պատկան մարմիններին», - ընդգծել է Խուդոլին։
Մանրամասները տեսանյությում՝