երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Զոհվածի հայրն առավոտ 6-ից Եռաբլուրում էր, որ Փաշինյանին թույլ չտար մոտենալ որդու շիրիմին

Զոհվածի հայրն առավոտ 6-ից Եռաբլուրում էր, որ Փաշինյանին թույլ չտար մոտենալ որդու շիրիմին

«Նախքան իր այստեղ գալը՝ ամբողջ Եռաբլուրը սանրում էին»,- լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հարություն Հարությունյանի հայրը՝ Գևորգ Հարությունյանը։

Նա պատմեց, որ նախքան  Նիկոլ Փաշինյանի գալը,  համազգեստով, նաև քաղաքացիական հագուստով ոստիկանները  էին  եկել. «Իրենք չէին եկել տղերքի մոտ, տղերքի համար։ Իրենք եկել էին ինչ-որ մի թուրքի թիկունքը  պահելու, որ թուրքը,  ազգի դավաճանը կարողանա մտնի Եռաբլուր, դուրս գա»։

Գ. Հարությունյանն ասաց, որ ինքը  եկել էր Եռաբլուր՝ խոչընդոտելու Փաշինյանին, իշխանության անդամներին մոտենալու իր տղայի շիրիմին։

«Ես չեմ  ուզում, որ ինքը մոտենա իմ տղայի շիրիմին։ Մեր տղերքն ուրիշ գաղափարի տեր են եղել, գիտենք՝ ինչի համար են գնացել, կյանքներն ինչի համար են տվել։

Չեմ ուզում որ ինքը հարամի իմ տղայի շիրիմը»,- ասաց զոհվածի հայրը։

Գ. Հարությունյանի խոսքով, Փաշինյանը ոնց որ չի մոտեցել 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, միայն բարձրացել է 1990-ականների տղաների շիրիմների կողմը։

Նա նշեց, որ չի ընդունում այս օրը՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը։

«Մեզ համար ամեն օրն էլ սգո օր է, ծնողներս ամեն օր էլ այստեղ ենք, չպետք չէ կոնկրետ օր լինի, որ մենք հիշենք մեր տղաներին ու գանք։ Մենք մեր տուն ու տեղը մեր տղաների հետ տեղափոխել ենք այստեղ։

Իրենք բանակի օրը չեն հիշի։ Բանակը մեր պարծանքն էր։ Ուրացա՞ն։ Համոզված եմ, որ վաղը իրենցից ոչ մեկ չի գա այստեղ՝ Եռաբլուր, իրենց համար չկա բանակ»,- ասաց Գ. Հարությունյանը։

Կամավորական Հարություն Հարությունյանը զոհվել է 2020 թ. հոկտեմբերի 8-ին Աղդամում՝ բայրաքթարի հարվածից։ Հարությունյանը երգում էր Սայաթ-Նովա ժողովրդական անսամբլում։

Հիշեցնենք, որ Հայաստանում  այսօր առաջին անգամ նշվում է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը։ Օրվա առիթով Նիկոլ Փաշինյանն ու  իշխանության ներկայացուցիչներն այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

  • Կիսվել: