երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Զոհված զինծառայողների ընտանիքների՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծրագրի համար հատկացվեց եւս 15 մլն դրամ

Զոհված զինծառայողների ընտանիքների՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծրագրի համար հատկացվեց եւս 15 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 15.250 մլն դրամ  հատկացնել զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցման միջոցառման շրջանակներում շահառուներին փոխնակ մոր ծառայությունից օգտվելու և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերի մասնակի փոխհատուցման ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով:

Նշենք, որ արտամարմնային բեղմնավորման իրականացման համար տրվող փոխհատուցման չափերը հետեւյալն են՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն. դրամը և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը:

Գնահատականներում հաշվի է առնվել, որ ներկայումս ընթացքի մեջ է 5 շահառուների համար փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի մասնակի փոխհատուցման գործընթացը, որոնց հասանելիք ամբողջ գումարի չափը կազմում է 27,5 մլն դրամ:

Բացի այդ, մեկ շահառուի համար դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսը՝ 600 հազ. դրամ պետք է փոխանցվի համապատասխան բժշկական կազմակերպությանը:

Միաժամանակ կանխատեսվում է, որ 2024-ի առաջին եռամսյակում փոխնակ մոր ծառայություններից օգտվելու և դոնորական ձվաբջջի ծախսերը շահառուներին մասնակի փոխհատուցելու նպատակով դիմումներ կներկայացվեն ևս 3 շահառուից, որոնց փոխհատուցման գումարը կկազմի՝ 1.650 մլն դրամ:

Կանխատեսվում է նաև, որ 10 անձի համար դոնորական ձվաբջջի ծախսերը բժշկական կազմակերպություններին մասնակի փոխհատուցելու նպատակով անհրաժեշտ կլինի 6 մլն դրամ:

Արդյունքում, Որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակներում 2024 թվականի առաջին եռամսյակում մասնակի փոխհատուցում հատկացնելու համար անհրաժեշտ գումարը կկազմի ընդամենը՝ 15.250 մլն դրամ:

  • Կիսվել: