չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Զոհված Գրիգոր Կիրակոսյանը 44-օրյա Քաշաթաղի Ծաղկաբերդ գյուղից էր

Զոհված Գրիգոր Կիրակոսյանը 44-օրյա Քաշաթաղի Ծաղկաբերդ գյուղից էր

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկի ուղղությամբ մղված մարտերում զոհվել է 43-ամյա պայմանագրային զինծառայող Գրիգոր Կիրակոսյանը:

Գրիգոր Կիրակոսյանն ութ տարի առաջ էր անցել Զինված ուժեր ծառայության: Մինչ այդ նա զբաղվում էր հրուշակագործությամբ:

Նա ամուսնացած էր: Ուներ երկու որդի եւ մեկ դուստր: Մեկ որդին անչափահաս է:

«Գրիգորը սեպտեմբերի 11-ին վերադարձել էր հերթապահությունից, սակայն հաջորդ գիշերը տագնապով նորից բարձրանում է դիրքեր, իսկ սեպտեմբերի 13-ին էլ զոհվում ԱԹՍ-ի հարվածից: Չորս ընկերների հետ է լինում, որոնցից միայն մեկն է փրկվում: Մենք իրեն հաճախ խնդրում էինք, որ վերադառնա նախկին աշխատանքին, սակայն ինքն ասում էր, որ չի կարող մենակ թողնել իր 18 տարեկան զինվորներին: Ասում էր, որ ավելի լավ է ինքը մահանա, քան իր տղաների մահը տեսնի»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Գրիգոր Կիրակոսյանի հորեղբոր դուստրը՝ Աղավնի Կիրակոսյանը:

Գրիգոր Կիրակոսյանը մասնակցել էր նաեւ 44-օրյա պատերազմին, կռվել էր Քարվաճառում: Պատերազմից տարիներ առաջ նա ընտանիքի հետ Երեւանից տեղափոխվել էր Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ բերդ:

«Շատ գեղեցիկ սեփական տուն էին կառուցել, եղբայրս ծառայությանը զուգահեռ զբաղվում էր անասնապահությամբ եւ մեղվաբուծությամբ: Սիրում էր եւ իր աշխատանքը, եւ գյուղի կյանքը: Սակայն պատերազմի ընթացքում ընտանիքը լքում է գյուղը՝ իրենց հետ ոչինչ չվերցնելով: Բայց եղբայրս ուժեղ մարդ էր, դիմանում էր կորստին: Ասում էր մի անհանգստացեք՝ տուն է, նորից կստեղծենք... «Եռաբլուրում» է անդառնալին»,- ասաց Աղավնի Կիրակոսյանը:

Գրիգոր Կիրակոսյանը հուղարկավորվել է սեպտեմբերի 16-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

  • Կիսվել: