կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նոր դասագրքերի ստեղծմամբ հետաքրքրված մասնագետների հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է նոր դասագրքերի ստեղծմամբ հետաքրքրված մասնագետների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրավերով այսօր տեղի է ունեցել հանդիպում հանրակրթության նոր չափորոշիչների ներդրմամբ պայմանավորված դասագրքերի հրատարակության գործընթացով հետաքրքրված ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

 

2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարանների հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով հայտարարված դրամաշնորհի մրցույթով հետաքրքրված անձանց հետ հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, նախարարության հանրակրթության վարչության և այլ ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

 

Նախարար Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ դասագրքերի ստեղծման և տպագրման գործընթացները ենթարկվել են էական փոփոխությունների: Դրանց առնչությամբ կարող են բազմաթիվ հարցեր առաջանալ, որոնք պարզաբանելու նպատակով էլ նախաձեռնվել է հանդիպումը.

«Նախևառաջ, գործընթացի կարգավորման համար արդեն ունենք նոր կարգեր: Մշակվել և հաստատվել է առանձին կարգ դասագրքերի ստեղծման մասին, հրապարակվել են նաև գնահատման չափանիշները, որոնք թույլ են տալիս ավելի լավ պատկերացում կազմել գործընթացի մասին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ դասագրքերի ստեղծման կարգը հաստատվել է մի շարք գրահրատարակիչների հետ ունեցած երկար և բազմաշերտ քննարկումների արդյունքում:

«Փոփոխված ընթացակարգերի արդյունքում բոլորիս նպատակն այն է, որ կարողանանք ունենալ հնարավորինս որակյալ ուսումնական նյութեր, դասագրքեր, որոնք կօգնեն հանրակրթության նոր չափորոշիչների համաձայն՝ կրթությունը դարձնել ավելի որակյալ և արդյունավետ: Այդ նպատակով կարիք ունենք ձևավորելու մրցակցային դաշտ, որովհետև ցանկացած պարագայում այն առաջ է բերում տարբեր մոտեցումներ և հնարավորություններ՝ օգնելով ընտրել լավագույն առաջարկը»,- ավելացրել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ գործընթացի մասնակցային դառնալու հնարավորությունները փորձ է արվել էապես մեծացնել:

  • Կիսվել: