Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը ներկա են եղել ՀՊՄՀ առաջին կուրսեցիների երդման արարողությանը
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բակում՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված բուհի ուսանողների հիշատակին նվիրված խաչքար-հուշաքարի մոտ, այսօր երդվել են բուհի առաջին կուրսեցիները:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիսավոր արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Ներկաները նախ ծաղիկներ են դրել հուշակոթող-խաչքարի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը նկատել է՝ երկրի հզորությունն ու անվտանգությունը սկսվում են դպրոցից, կրթությունից և մանկվարժից, ու այդ առումով պատահական չէ, որ ՀՄՊՀ առաջին կուրսեցիները երդվում են Ուսուցչի օրը.
«Այս օրերին հնչած բոլոր շնորհավորանքները կիսատ են, լի տխրությամբ և ափսոսանքով. չէ՞ որ մեր շարքերը կարող էին առավել խիտ լինել։ Մեր այն երիտասարդները, որոնց անուններն այսօր կարդում ենք այս հուշակոթողի վրա, կարող էին մտնել դասասենյակներ և իրենց ուժը, իմաստնությունը փոխանցել մեր ապագա սերունդներին: Սակայն այսօր նրանք այդ ամենը փոխանցում են իրենց արարքով, թողած անջնջելի հետքով, որը, այո՛, ոչ պակաս դաս է բոլորիս համար: Սիրելի՛ ուսանողներ, այսօր երդվում եք դառնալ ուսուցիչ, որը շատ կարևոր երդում է: Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչ մեծ պատասխանատվություն և ուժ է պետք այդ երդմանը հավատարիմ մնալու համար: Արդեն իսկ հաջողություն է, որ Մանկավարժական համալսարանի ուսանող եք և ապագայում պատվով կիրականացնեք ուսուցչի առաքելությունը»:
Ժաննա Անդրեասյանի խոսքով` պետությունը կարևորում է դպրոցի, ուսուցչի, կրթության դերը:
«Վստահեցնում եմ, որ ՀՀ կառավարությունը հանրակրթության ոլորտի բարեփոխումներով նպաստելու է, որ ուսուցչի հեղինակությունը լինի ոչ միայն հանրային ընկալում, այլև նաև պետական քաղաքականություն` ուսուցչին ապահովելով արժանապատիվ աշխատավարձ, լավ աշխատանքային պայմաններ, մանկավարժական ու ստեղծագործական ինքնավարություն: Շնորհավորելով բոլորիս՝ պետք է շեշտեմ՝ Ուսուցչի օրը նշել ապագա ուսուցիչների հետ, պատիվ է մեզնից յուրաքանչյուրի համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ևս շնորհավորել է ներկաներին խորհրդանշական օրվա կապակցությամբ և նշել, որ հանրակրթական և բուհական ոլորտները մեկը մյուսին հաջորդող ամբողջություն են։
Նախարարի տեղակալը վստահեցրել է, որ կրթության միջոցով է հնարավոր ապահովել երկրի շարունակական զարգացումը, իսկ առաջատար գիտնականների, այդ թվում՝ մանկավարժության ոլորտի ներկայացուցիչների շնորհիվ՝ նորարար մեթոդների ներդրումը դպրոցներում և այլ ոլորտներում։
Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին և ընդգծել նրանց անգնահատելի, ազգանվեր, միևնույն ժամանակ, ծանր առաքելությունը, որով պայմանավորված է ապագայի արժանապատիվ քաղաքացիների ձևավորումը։
Բուհի ռեկտորը ցավով նկատել է՝ զոհված հայորդիները պետք է համալրեին ուսուցչական համակազմը, սակայն նվիրեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, մասնագիտական երազանքները․
«Տղամարդ ուսուցիչը հատուկ հմայք է հաղորդում մեր մասնագիտությանը։ Մեր հերոսները՝ որպես խոսուն վկաներ, իրենց գործը թողեցին ձեզ։ Եվ ձեզ հետ է կապվում նրանց գործունեությունը լռակյաց շարունակելու պատգամը»։
Գերաշնորհ տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը Տերունական աղոթքով սկսել է իր օրհնության խոսքը և խոստովանել, որ իրարամերժ զգացումներ ունի.