Զերծ մնալ որևէ այլ հարթակում նպաստներից, աջակցության տեսակներից օգտվելու համար դիմումներ լրացնելուց. նախարարություն
ԱՍՀ նախարարությունը զգուշացնում է՝ զերծ մնալ որևէ այլ հարթակում նպաստներից, աջակցության տեսակներից օգտվելու համար դիմումներ լրացնելուց, քարտերի, հաշիվների վերաբերյալ տվյալներ մուտքագրելուց։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․
«Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից տրվող նպաստները (այդ թվում՝ ծննդյան միանվագ նպաստ, երեխայի խնամքի նպաստ), աջակցության այլ տեսակները, դրանց չափերը, նշանակման ընթացակարգերը և այլն հաստատվում են ՀՀ Կառավարության որոշմամբ։
Վերոնշյալ նպաստներից կամ աջակցության տեսակներից օգտվելու համար որպես դիմումների ընդունման պաշտոնական հարթակ օգտագործվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքէջը՝ www.socservice.am: Ցանկացած նոր փոփոխության և նոր որոշման մասին անմիջապես իրազեկվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական հարթակների միջոցով։ Ուստի խնդրում ենք զերծ մնալ որևէ այլ հարթակում նշված նպաստներից, աջակցության տեսակներից օգտվելու համար դիմումներ լրացնելուց, քարտերի, հաշիվների վերաբերյալ տվյալներ մուտքագրելուց։
Խարդախություններից խուսափելու համար խնդրում ենք հետևել լրահոսին՝ ԱՍՀ նախարարության պաշտոնական կայքէջի, Ֆեյսբուքյան էջի կամ Տելեգրամ ալիքի միջոցով»։


