Յոթ վերք եկեղեցու ժամերգության կանչող զանգերը 200 տարվա մեջ առաջին անգամ չեն հնչել. Արտաշես սարկավագ Աջապահյան
Գյումրիի Յոթ վերք եկեղեցու զանգերը 200 տարվա մեջ առաջին անգամ այսօր չեն ղողանջել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում առավոտյան հրապարակված տեսանյութում ասել է Շիրակի թեմի հոգևորական Արտաշես սարկավագ Աջապահյանը։
«Երևի «Յոթ վերքի» կառուցման օրվանից առաջին անգամ զանգերը չեն հնչում։ «Յոթ վերքի» զանգերը հնչել են անգամ սովետական բռնաճնշումների ժամանակ։ Իսկ հիմա չի հնչում, որովհետև ծիսական կյանքը խաթարված է, ծես չի արվելու, առավոտյան ժամերգություն չի արվելու, հետևաբար զանգերն ըստ կանոնի չեն հնչելու՝ հավատացյալ ժողովրդին կանչելու համար»,-նշել է նա:


