չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է, ասում եմ որպես մի մարդ, որը ժամանակ է անցկացրել ՔԿՀ-ներում. Նիկոլ Փաշինյան

Ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է, ասում եմ որպես մի մարդ, որը ժամանակ է անցկացրել ՔԿՀ-ներում. Նիկոլ Փաշինյան

Մեր հանրության շրջանում նման ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը տղաներին ուժեղացնելու ճանապարհ է: Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել ուղիղ հակառակը. քրեական ենթամշակույթը տղաներին բոլոր առումներով թուլացնելու, ինքնությունից, ինքնուրույնությունից զրկելու, մտածողության սեփական ձևեր ունենալուց զրկելու մեթոդ է: Սա ամենամեծ մոլորությունն է: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 23-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կանանց և տղամարդկանց ներգրավվածությանը կրթության, աշխատանքի որոշ ոլորտներում:

«Իրականության մեջ խոսք կա՝ դե, տղա է, թող մի քիչ էլ տենց բան… Իրենց թվում է՝ այդպիսով տղաներն ուժեղանում են: Բայց այդպիսով տղաները թուլանում են բոլոր առումներով, զրկվում են կամքից, խելքից, ինքնուրույն մտածողության սեփական բանաձևեր ունենալու կարողությունից:

Ինչքան մարդը քրեական ենթամշակույթին մոտ է, այդքան ավելի հեշտ կառավարելի է: Ինչքան քրեական ենթամշակույթին մոտ է, այնքան ավելի անմրցունակ է ցանկացած ոլորտում՝ աշխատանքի շուկայում, ցանկացած հարաբերության մեջ: Սա ինձ համար աքսիոմա է, տեսական թեզ չէ, սա մի բան է, որ ես գիտեմ և՛ տեսականորեն, և՛ գործնականում, և սա ֆունդամենտալ պրոբլեմ է»,- ասաց նա:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ աղջիկների՝ կրթության ոլորտում նկատելի ակտիվությանը՝ մտավախություն հայտնելով, որ այդ առավելությունը վերոնշյալ երևույթի պատճառով է, և որ տղաների անբնական պասիվությունը քրեական ենթամշակույթի բերումով է: Նա նաև նկատեց, որ այս համատեքստում քաղաքականություն մշակելու անհրաժեշտություն կա, այն է՝ ինչպես անել, որ տղաներին մոտեցնեն գիտելիքին, կրթությանը:

  • Կիսվել: