կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Վրաստանում ընդդիմադիրները դարձյալ փակել էին Ռուսթավելու պողոտան

Վրաստանում ընդդիմադիրները դարձյալ փակել էին Ռուսթավելու պողոտան

Ընդդիմության կողմնակիցները դարձյալ փակել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ակցիային մասնակցում է մի քանի հարյուր մարդ:

Սա արդեն 31-րդ երեկոն է, երբ ցուցարարները փակում են Թբիլիսիի կենտրոնում գտնվող պողոտան:

Նրանք այն այսօր փակել էին նաև ցերեկը, երբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու, նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնեց Վրաստանի նախագահի պաշտոնը:

Հաղորդվում է, որ ոստիկանությունը ձերբակալել էր ակցիայի 6 մասնակցի:

Հիշեցնենք՝ Կավելաշվիլու երդմնակալության արարողությունից հետո Սալոմե Զուրաբիշվիլու լիազորությունները սպառվել են:

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ վայր չի դնի նախագահի լիազորությունները դեկտեմբերի 29-ին:

Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ «ոչ լեգիտիմ խորհրդարանի պայմաններում չի կարող լինել նախագահի լեգիտիմ ընտրություն»:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ զգուշացրել էր, որ եթե Զուրաբիշվիլին հրաժարվի լքել նախագահական նստավայրը, դա կհանգեցնի քրեական պատասխանատվության:

Այսօր արդեն Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հեռանում է նախագահականից՝ «տանելով իր հետ լեգիտիմությունը»:

  • Կիսվել: