երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վրաստանի տարածքում մնացած հայկական բեռնատարներ գրեթե չկան. ՀՀ էկոնոմիկայի նախարարության

Վրաստանի տարածքում մնացած հայկական բեռնատարներ գրեթե չկան. ՀՀ էկոնոմիկայի նախարարության

Այս պահին Վրաստանի տարածքում մնացած հայկական բեռնատարներ գրեթե չկան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ Վերին Լարսի հետ կապված իրավիճակը ներկա փուլում կայուն է։ Այս անցակետով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող հայկական բեռնատարների կուտակումները, որոնք առաջացել են ՌԴ համապատասխան ծառայությունների կողմից բեռնատարների և ավտոմեքենաների խստացված զննման գործընթաց սկսելուց հետո, ներկայում նվազում են։

«2022 թ. դեկտեմբերի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ Վերին Լարսով անցնելու նպատակով դուրս է եկել 5501 բեռնատար մեքենա, իսկ Վրաստանից Վերին Լարսով անցել է այդպիսի 7374 բեռնատար, այսինքն` Վրաստանում գտնվող հայկական բեռնատարների քանակը նվազել է 1873–ով, և այժմ Վրաստանի տարածքում մնացած հայկական բեռնատարներ համարյա չկան»,–հայտնում են նախարարությունից։
Նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերին օրական մոտ 240 հայկական բեռնատար է անցել Վերին Լարսի անցակետով, և Վրաստանի տարածքում հայկական բեռնատարների մնալու տևողությունը ևս զգալիորեննվազել է։

Ընդգծվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը օպերատիվ աշխատում է ինչպես ռուսական, այնպես էլ վրացական կողմի գործընկերների հետ։ Ընդլայնման ուղղությամբ կատարվող աշխատանքների արդյունքում ներկայում Վերին Լարսի թողունակությունը մեծացել է, ռուսական կողմը նաև տեղադրել է ռենտգեն դարպաս։

Հիշեցնենք, որ Վրաստանն իրականացնում է Մցխեթա - Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ամենաավտանգավոր հատվածի (Գուդաուրի-Կոբի) շրջանցիկ (Ռազմավիրական) ճանապարհի շինարարությունը։ Խոսքը Խաչի լեռնանցքի տակով անցնող 9–կիլոմետրանոց թունելի մասին է։

  • Կիսվել: