Viva-ն երբևիցե չի հրաժարվել որևիցե ծառայություն մատուցողի վճարել պայմանագրով նախատեսված վարձավճարը․ պարզաբանում
Արձագանքելով «Ժողովուրդ» օրաթերթում (05.02.2026) և InfoPort կայքում տեղ գտած՝ «ՎԻՎԱ ընկերությունը մարդկանց վարձավճարը չի տալիս. նոր հայց» հրապարակմանը՝ Viva-ն հարկ է համարում ներկայացնել պարզաբանում՝ համապատասխան ԶԼՄ-ներում հրապարակման ակնկալիքով.
Նախ և առաջ պետք է նշել, որ հրապարակման մեջ հիշատակված հայցադիմումը վերադարձվել է հայցվոր կողմին՝ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումով (ԳՈՐԾ ԹԻՎ ԱՎԴ/0128/02/26), հետևյալ պատճառաբանությամբ՝ «դատարան ներկայացված հայցադիմումը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով սահմանված հայցադիմումի ձևին ու բովանդակությանը… Դատարանը վերլուծելով վերը նշված հանգամանքը գտնում է, որ հայցվորի կողմից չեն պահպանվել վերոնշյալ իրավական նորմերի պահանջները` ներկայացված հայցադիմումը չի համապատասխանում օրենքով սահմանված հայցադիմումի ձևին ու բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջներին, որոնք էլ հիմք են հայցադիմումը վերադարձնելու համար»:
Ինչ վերաբերում է Viva-ի կողմից վարձավճարը չվճարելու մասին պնդմանը՝ Viva-ն ամենայն պատասխանատվությամբ հայտնում է, որ երբևիցե չի հրաժարվել որևիցե ծառայություն մատուցողի վճարել պայմանագրով նախատեսված վարձավճարը:
Տարածքի համար, որտեղ տեղակայված է հիմնական կայանը, վարձակալության գումարը չի կարող փոխանցվել ֆիզիկական անձի, ում հետ կնքված չէ հողի վարձակալության պայմանագիր: Հայցադիմումով դատարան դիմած անձից՝ Հակոբ Խաչատրյանից, որը ներկայանում է որպես տարածքի նոր սեփականատեր, Viva-ն բազմիցս խնդրել է ներկայացնել տարածքի նոր սեփականատեր լինելու ապացույցներ՝ անշարժ գույքի հանդեպ սեփականության իրավունքը հաստատող վկայականը, անձը հաստատող փաստաթուղթ, առուվաճառքի պայմանագիրն ու անհրաժեշտ այլ փաստաթղթեր: Նշված փաստաթղթերը ներկայացնելու պարագայում, Viva-ի ու նոր սեփականատիրոջ միջև վարձակալության պայմանների շուրջ համաձայնության դեպքում՝ կկազմվի վարձակալութան նոր պայմանագիր ու կկատարվեն համապատասխան վճարումները՝ ըստ պայմանագրի: Համաձայնության չգալու դեպքում Viva-ն, բնականաբար, կապամոնտաժի հիմնական կայանը և համապատասխան սարքավորումները կհեռացնի տարածքից:
Խնդրում ենք հրապարակել:
Շնորհակալություն:
Հարգանքով,


