հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Վիրավոր զինծառայողների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ

Վիրավոր զինծառայողների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ

Հայաստանի դեմ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի առաջին րոպեներից զինված ուժերի բուժծառայության անձնակազմը բերվել է համար 1 պատրաստության:

Ռազմաբժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանն անընդհատ կապի մեջ է եղել առաջնագծից վիրավորներին դուրս բերող ու հենց սահմանին կյանք փրկող բժիշկների հետ:

Գեղամ Փաշիկյան (ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ) - Բոլոր դեպքերում, երբ հնարավորություն է ստեղծվել հասնել վիրավորին, վիրավորը փրկվել է:

Վիրավոր զինծառայողները տարհանվել, ապա տեղափոխվել են կայազորային հոսպիտալներ ու քաղաքացիական հիվանդանոցներ, որտեղ ենթարկվել են առաջին վիրաբուժական մշակման, որոշ դեպքերում՝ նաև վիրահատվել: Ապա տեղափոխվել են Երևան:

Գեղամ Փաշիկյան - Բոլոր վիրավոր զինծառայողները ստանում են համապատասխան բժշկական օգնություն, բոլորի վիճակի մեջ դրական տեղաշարժ կա: Գերակշիռ մասն այս պահին թեթև ընթացքով է ընթանում: Ունենք նաև ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորներ, սակայն նրանց մոտ նույնպես կա դրական տեղաշարժ:

Մեծ մասը ստացել է բեկորային և ականապայթյունային վնասվածք: Վիրավորումները հիմնականում վերջույթների շրջանում են: 44-օրյայի համեմատ՝ կրծքավանդակի և գլխի հատվածի վիրավորումները քիչ են: Ըստ Փաշիկյանի՝ զրահաբաճկոնն ու սաղավարտը զինվորին պաշտպանել են թշնամու գնդակից:

Գեղամ Փաշիկյան - Մի մասն ունենալու է վերականգնողական բուժման կարիք, սակայն այս պահին շուտ է այդ մասին խոսելը: Թեթև վիրավորում ստացածների մասը դուրս է գրվել, վերականգնողական արձակուրդում է, որոշ մասը վերադարձել է շարք, մյուսների բուժումը շարունակվում է:

Հայրենիքի համար առողջությունը վտանգած զինծառայողները հաճախ տարհանվել են թշնամու չդադարող կրակի տակ: Բուժանձնակազմն ունեցել է կորուստներ. զոհվել է կին սանհրահանգիչ, բուժակը և սանիտար վարորդը վիրավորվել են: Մարտական գործողությունների ժամանակ թշնամին թիրախավորել և խոցել է սանիտարական մեքենաներ:

Գեղամ Փաշիկյան - Կին զինծառայողը՝ սանհրահանգիչը, որը զոհվել է, զոհվել է մարտական դիրքում վիրավորին բժշկական օգնություն ցուցաբերելու ժամանակ:

Գեղամ Փաշիկյանի խոսքով՝ եռօրյա ռազմական գործողությունների ընթացքում բժշկական պարագաների, դեղորայքի, սանիտարական ավտոմեքենաների խնդիր չի եղել: Տեղափոխել են շտապօգնության մեքենաներով, կիրառվել է նաև սանիտարական ավիացիան: Ամենօրյա աշխատանքի մի մասն է զինված ուժերի բժշկական ծառայության արդիականացումը՝ ախտորոշիչ, վիրաբուժական ու տարհանման ծառայությունների զարգացումը:

Բուժծառայության գնդապետը ներկայացնում է Երևանի կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակառուցման նախնական նախագիծը: Նախատեսվում է հզորացնել հոսպիտալի կարողությունները, ձեռք կբերվեն ժամանակակից բուժսարքավորումներ: Հիմնական շեշտը, Փաշիկյանի խոսքով՝ դրվելու է միջին օղակի բուժանձնակազմի կատարելագործման վրա:

Գեղամ Փաշիկյան - Բարելավվելու են ուսումնական կենտրոնի շենքային պայմանները, որտեղ պատրաստվում են սանհրահանգիչներ, բուժակներ, որոնք առաջինը վիրավորին հասնող անձնակազմի վարժվածությունը բարձրացնելու համար կձեռնարկվեն միջոցներ:

2023-ի արդիականացման ծրագրեր կան նաև կայազորային հոսպիտալների համար: Կվերանայվի բուժանձնակազմի ֆինանսական աջակցության չափը: Աշխատանքներ են տարվում նաև կադրերի պատրաստման ուղղությամբ՝ դիտարկելով նաև միջազգային լավագույն համալսարաններն ու գիտական կենտրոնները: Առաջիկա կարևոր խնդիրներից է լինելու վիրավորին տարհանելու մեկնած բուժանձնակազմի անվտանգության միջոցների ստեղծումը, որ հատուկ տարբերանշանով մեքենան ապահովագրված լինի թշնամու խոցումից:

  • Կիսվել: