կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վերին Լարսում շարունակում է առաջնահերթ մնալ թողունակության խնդիրը. Քերոբյան

Վերին Լարսում շարունակում է առաջնահերթ մնալ թողունակության խնդիրը. Քերոբյան

Վերին Լարսում թողունակության խնդիրը շարունակում է առաջնահերթ լինել: Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան:

Նրա խոսքով՝ այս պահին նույնպես մեծ հերթեր են գոյացել:

Նախարարը, մասնավորապես, նշեց. ՛՛Վերին Լարսի խնդիրը եղանակային է: Լաստանավերի և այլ ծովային տրանսպորտի առկայությունը խիստ անհրաժեշտ է: Մենք դա գիտակցում ենք, այսօր էլ հարցը քննարկել ենք ռուս գործընկերների հետ՛՛:

Ըստ Քերոբյանի՝ քննարկվում է նաև օդանավային բեռնափոխադրումների խիստ կարևորությունը, ինչի ուղղությամբ ևս քայլեր են ձեռնարկվում: ՛՛Վերին Լարսում այս պահին ունենք երկու խնդիր, մեկը եղանակային խնդիրն է: Ամեն տարի ձմռանը այնտեղ խաթարվում է երթևեկությունը: Մյուս խնդիրը անվտանգային է` Ղրիմի կամուրջի պայթյունի հետ կապված՛՛,-ասաց նա:

Նախարարը հավելեց, որ լաստանավի հետ կապված բոլոր պայմանագրերը ստորագրված են, բայց շատ կարևոր է, որ այն ֆիզիկապես աշխատի: 

Վահան Քերոբյանի խոսքով` Հայաստանի ընկերություններն այժմ արդեն ավելի շատ ապրանք են արտահանում Ռուսաստանի Դաշնություն՝ հաշվի առնելով այն, որ շուկայում մրցակցությունը թուլացել է և շուկայից դուրս են եկել խոշոր միջազգային գործընկերները: ՛՛Բացի այդ, մենք տեսնում ենք նաև արդյունաբերական ապրանքների մասով մեծ հնարավորություններ և աշխատանք ենք տանում, որպեսզի հայկական ապրանքները դառնան ավելի մրցունակ ռուսական շուկայում՛՛,-նշեց Քերոբյանը:

  • Կիսվել: