երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024

Վերամբարձ կռունկով գողություն անողներին բռնել են (տեսանյութ)

Հունվարի 14-ին, ժամը 18-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում ստացվեց, որ Արին-Բերդի փողոցում, չշահագործվող գործարանի տարածքից, վերամբարձ կռունկով գողություն են անում:

Ոստիկանների արագ եւ օպերատիվ արձագանքման արդյունքում հանցամիտները, որ չորսն էին, րոպեներ անց հենց դեպքի վայրում բռնվեցին:

Իրավապահները Արին-Բերդի փողոց էին հասել այն պահին, երբ նրանք բացել էին նշված տարածքի դարպասը եւ պահեստից «Դեու» մակնիշի բեռնատարին բարձել երկաթե 11 կոնստրուկցիա:

Գործը նախաձեռնողները երկուսն էին` մեկը` Արցախի փողոցից, մյուսը` Շինարարների: Նրանց, կռունկավարի ու բանվորի հետ, բեռնատարով հանդերձ, քրեական հետախույզները բերման ենթարկեցին ոստիկանության Էրեբունու բաժին:

Կասկածվողները ներկայացվել են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Տուժողից ընդունվել է հաղորդում: Հարուցվել է քրեական գործ:

Հանգամանքները պարզվում են:

Նախաքննությունը շարունակվում է:

 

  • Կիսվել: