երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
«Վեոլիա ջուրը»՝ Բաբաջանյան 129 շենքի բակում ստեղծված իրավիճակի մասին

«Վեոլիա ջուրը»՝ Բաբաջանյան 129 շենքի բակում ստեղծված իրավիճակի մասին

«Վեոլիա ջուր» ընկերությունը հայտնում է, որ վերջերս մամուլում հրապարակումներ են հայտնվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան 129 շենքի բակում կոյուղաջրերի կուտակման վերաբերյալ:
 
«Հարգելի բնակիչներ և մեդիայի ներկայացուցիչներ, առաջացած խնդրի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ «Վեոլիա ջուր» ընկերությունն այդ հասցեում կոյուղու սպասարկում չի կարողանում իրականացնել մի քանի պատճառով:
 
Նախ՝ Բաբաջանյան 129 շենքի բակային հեղեղատարը միացված է կոյուղատար համակարգին: Իսկ դա նշանակում է, որ այս օրերին հալոցքի հետևանքով հեղեղատարի մեջ լցված ավազը, տերևներն ու մնացած աղբը լցվում են նաև կոյուղագծի մեջ, ապա դուրս թափվում դիտահորերից, և տարածքում գոյանում են ջրակույտեր: Իսկ բակային հեղեղատարները, ըստ վարձակալության պայմանագրի, «Վեոլիա ջուր» ընկերության կողմից չեն սպասարկվում:
 
Վարչական շրջանի աշխատակազմի հետ արդեն իսկ կա բանավոր պայմանավորվածություն՝ բակային հեղեղատարը կոյուղագծից առանձնացնելու վերաբերյալ:
 
Մյուս խնդիրը ընկերության կողմից սպասարկվող կոյուղագծի վրա կառուցված շինություններն են, որոնք խոչընդոտում են խողովակաշարին մոտենալն ու դրա տեխնիկական վիճակը գնահատելը: Իսկ մեր մասնագետները կասկածներ ունեն, որ կոյուղու մի հատված վնասված է:
 
Այս դեպքում էլ վարչական շրջանի աշխատակազմի հետ քննարկվում է շրջանցող կոյուղագիծ կառուցելու հարցը:
 
«Վեոլիա ջուր» ընկերությունն իր սպասարկման գոտու յուրաքանաչյուր հասցեի խնդիրներից տեղյակ է, գործուն քայլեր է ձեռնարկում դրանք լուծելու ուղղությամբ, սակայն միշտ և ամեն ինչ չէ, որ կախված է միայն մեզանից»,- նշված է ընկերության հաղորդագրությունում:

  • Կիսվել: