կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վայոց ձորի մարզում իրանցին մի քանի տոննա կշռով հեղուկ գազի ցիստեռնով տապալել է երկաթե արգելապատնեշներն ու հայտնվել բնակչի այգում. կա վիրավոր

Վայոց ձորի մարզում իրանցին մի քանի տոննա կշռով հեղուկ գազի ցիստեռնով տապալել է երկաթե արգելապատնեշներն ու հայտնվել բնակչի այգում. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Վայոց  Ձորի մարզում: Ժամը 16:10–ի սահմաններում Իրանի Ւսլամական Հանրապետության քաղաքացի,  40-ամյա Այդին Սաֆարալիզադեն իր վարած  Scania  մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 127.5-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մոտ 100 մետր երկաթե արգելապատնեշներին, տապալել դրանք և հայտնվել բնակչին պատկանող  այգում, վնասելով մեծ թվով  պտղատու ծառեր, այդ թվում՝ ընկուզենիներ:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով կցորդիչի վրա տեղադրված մի քանի տոննա կշռով հեղուկ գազով բարձված հսկայական ցիստեռնը  ավտոմեքենայի վրայից պոկվել է:  Վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն  ժամանած Եղեգնաձորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է  ստացել, ապա տեղափոխվել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:  

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից  1  մարտական հաշվարկ: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց  Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու ոստիկանության Եղեգնաձորի պետ Հրազդան Կոստանյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: