շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Վայ, ճաշիկը կուտե՞ս». տղաներին «փշի-փշի» անելու, «բամբակի մեջ պահելու» երևույթը խայտառակություն է. Փաշինյան

«Վայ, ճաշիկը կուտե՞ս». տղաներին «փշի-փշի» անելու, «բամբակի մեջ պահելու» երևույթը խայտառակություն է. Փաշինյան

Բանակից ազատվելու 30-ամյա պրոցեսի բերած շերտերը մենք ամբողջությամբ չենք գիտակցում. մեր իրականության մեջ ավելի ու ավելի նկատելիորեն աղջիկներն ավելի մրցունակ են դառնում, քան տղաները. բոլոր առումներով՝ կրթության, ինտելեկտուալ, կազմակերպչական ստեղծարար աշխատանքի մեջ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր իրականության մեջ աղջիկներն ավել որակյալ, եթե աշխատուժ ձևակերպենք՝ որակյալ աշխատուժ են դառնում, քան տղաները: Ես ինչ-որ առումով սկսել եմ մտածել, որ կապ ունի այս երևույթի հետ, որովհետև 15 տարեկանը լրանում է, դեֆորմացիայի պրոցես է սկսվում:

Ես ճանաչել եմ մարդկանց, որոնք մինչև զորակոչային խնդիրների առաջ կանգնելը տաղանդավոր, հեռանկարային տղաներ էին, և ես համոզված էի, ակնհայտ էր, որ իրենք այս կյանքում մեծ ճանապարհ պետք է անցնեն: Բայց այն պահից, երբ կեղծիք կեղծիքի հետևից, և կեղծիքը փակելու համար՝ նոր կեղծիք, այդ մարդիկ այսօր ընդհանրապես մրցունակ չեն կյանքում: Շատ ցավալի է:

Սա Հայաստանում կրկնված հազարավոր, տասնյակ հարյուր հազարավոր դեպքեր են: Ընդ որում՝ մեր իրականության մեջ տղաներին հովանավորելու, «փշի-փշի» անելու, «բամբակի մեջ պահելու» երևույթը խայտառակ երևույթ է:

Իսկ աղջիկները այս բանից ազատ են: Ընդհակառակը, մենք իրենց համար անընդհատ ստեղծում ենք իրավիճակ, որ իրենք ապացուցելու բան ունեն, որովհետև իրենց ոչ մեկ չի հովանավորում, ոչ մեկ չի ասում՝ վայ, վայ, վայ, ճաշիկը, ճաշիկը կուտես, թե չես ուտի։ Սա խոր դեգրադացիա է առաջացրել, որը տեսանք նաև մարտական իրադրություններում: Հետո տեսնում ենք այդ մարտական իրադրությունները գնահատելու հանրային ընկալման մեջ:

 

Մենք այս պրոբլեմը պետք է լուծենք. մենք մեր տղաների 60 տոկոսին կյանքի մեկնարկում դնում ենք ոչ լեգիտիմ իրավիճակի մեջ ու դեգրադացնում նրանց հետագա կյանքը:

Այստեղ պարզ լուծումներ չկան: Մենք այսբերգի վերևի հատվածի մասին ենք խոսում, իսկ խորքում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք մեզ համար լրջագույն խնդիրներ են առաջացնում»,- նշեց վարչապետը:

  • Կիսվել: