Վարորդը երեկ երկու երիտասարդ աղջիկների իջեցրեց չվճարելու համար, նրանք էլ իջան. քաղաքացի
Ես միացել եմ տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտին, բայց երեկ, որ ես չմուծեցի, 53 համարի ավտոբուսի վարորդը չէր վարում, ամբողջ ավտոբուսը կանգնած էր: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց կանգառում տրանսպորտի սպասող կինը՝ հավելելով, որ երկու օր առաջ էլի 53 համարի ավտոբուսում ականատես է եղել, որ վարորդը երկու երիտասարդ աղջիկների իջեցրեց չվճարելու համար, նրանք էլ իջան:
Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանն ասաց, որ վարորդի աշխատավարձը ֆիքսված է իր պայմանագրով, տոկոսադրույքով աշխատանք չի, որ հավաքագրված գումարից վճարվի:
«Եթե սա ժամանակավոր լիներ, պետությունը նեղության մեջ լիներ, կվճարեի 150 դրամը, բայց սա ամբողջ մեր կյանքի համար է ու երեխեքի համար, ուսանողներ կան, թոշակառուներ կան, վերջապես ընտանիքից երեք-չորս հոգի տրանսպորտից կարող է օգտվել մի օրվա մեջ: 150 դրամը շատ է:
Ես քիչ առաջ պատրաստվում էի քարտով վճարել, որովհետև երեկ շատ խայտառակ վիճակ էր, ես այս տարիքիս ամաչեցի, որ ամբողջ ավտոբուսը կանգնացրել էին, ինչ է, ես չեմ վճարել, ու ես էլ ասացի՝ չեմ վճարելու, ուզում ես կանգնացրու, չեմ էլ իջնելու։ Հետո մի քանի տղամարդ ասեցին, որ իրենք վճարել են, խի՞ պետք է մյուսի համար տուժեն, վարորդը ստիպված քշեց: Բայց բոլորն էլ համամիտ էին իմ կարծիքին, բայց թե ամոթից դրդված վճարում են»,-ասաց կինը:
Երիտասարդ մի աղջիկ էլ հավելեց, որ ինքը Վանաձորից է ուսանողուհի, եւ չի պատրաստվում 150 դրամ վճարել տրանսպորտի համար. «Ուսանողների համար զեղչն էլ բավականին թանկ է և ես այդքան չեմ օգտագործում այդ տոմսերը, չեմ օգտվում տրանսպորտից, ինչքան որ վճարում եմ: Կհորդորեմ բոլորին չվճարել 150 դրամ»: