շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վարդենիսի ղեկավարն ընդունել է Իսպանիայի թագավորության պատգամավորների կոնգրեսի պատգամավորին

Վարդենիսի ղեկավարն ընդունել է Իսպանիայի թագավորության պատգամավորների կոնգրեսի պատգամավորին

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է Իսպանիայի թագավորության պատգամավորների կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինարիտուին։ Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Ջոն Ինարիտուին ուղեկցել են  ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ  Տաթեւիկ Գասպարյանը  եւ  Լեւոն Գրիգորյանը։

 Մինչ համայնքի ղեկավարի հետ հանդիպելը հյուրերը  Գեղարքունիքի մարզպետի տեղակալ  Վահան Զարոյանի եւ Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանի ուղեկցությամբ այցելել էին Սոթք վարչական բնակավայր,  հանդիպել եւ զրուցել  բնակիչների հետ, տեղում արձանագրել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված ագրեսիայի արդյունքում բնակչությանը  պատճառված վնասները, տեղում ծանոթացել այդ ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակին ։

Ահարոն Խաչատրյանը  շնորհակալություն է  հայտնել  իսպանացի պատգամավորին՝ սահմանամերձ բնակավայրերում թշնամական ագրեսիայի հետեւանքով ծանր վիճակում հայտնված բնակչությանը սատարելու եւ իր զորակցությունը հայտնելու համար եւ մանրամասն ներկայացրել պատերազմական իրադարձություններից տուժած համայնքի առջև ծառացած խնդիրները։

«Շատ կարեւոր եմ համարում նման այցերը, երբ օտարերկրյա պատգամավորները, քաղաքական գործիչները անձամբ են տեղում ծանոթանում թշնամու կողմից ձեռնարկված ագրեսիային, մեր սահմանամերձ բնակավայրերում ստեղծված ծանր իրավիճակին եւ ճշգրիտ պատկերացում կազմում ու բարձրաձայնում թշնամու իրական մտադրությունների, ագրեսիվ պահվածքի մասին։ Իսկ ամեն մի դատապարտում, դեպքերի ճշգրիտ ներկայացում  կարող է զսպող գործոն լինել եւ նպաստավոր պայմաններ ստեղծել խաղաղության պահպանման համար»,-ներկայացրել է Ահարոն Խաչատրյանը ։

  • Կիսվել: