ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուժերի ներածին չափով օգնություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին. վարչապետ

Ուժերի ներածին չափով օգնություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին. վարչապետ

Ուժերի ներածին չափով օգնություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին: Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նախ ՀՀ Կառավարության անունից ցավակցություն հայտնեց մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթեց բոլոր վիրավորներին:

՛՛Լիբանանը Հայաստանի ամենամոտ բարեկամների շարքում է: Մեր երկրներն ու ժողովուրդները կապված են պատմական և մշակութային բազմաթիվ թելերով: Բեյրութը հանդիսացել է 20-րդ դարի հայկական սփյուռքի մայրաքաղաքը: Տասնամյակներ շարունակ Բեյրութն է եղել կրոնական, քաղաքական և մշակութային կյանքի էպիկենտրոնը: Այն առ այսօր պահպանում է իր եզակի նշանակությունը և հսկայական դերակատարումը որպես Մերձավոր Արևելքում հայկական ներկայության կարևորագույն կենտրոն՛՛,-ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ այս դժվարին պահին մենք չենք կարող անտարբեր մնալ Լիբանանի ժողովրդի և Բեյրութի հայկական համայնքի կարիքների նկատմամբ: Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությունն օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել այդ քաղաքին պատուհասած ողբերգության հետևանքները հաղթահարելու գործում:

՛՛Ուժերի ներածին չափով օգնություն ենք ցուցաբերելու Լիբանանի կառավարությանը և տեղի հայ համայնքին: ՀՀ Կառվարությունն ԱԳՆ-ի և Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի միջոցով մշտական կապի մեջ է Լիբանանի կառավարության և համայնքային կառույցների հետ, հստակեցվում են հիմնական կարիքները, որի շրջանակում էլ ՀՀ Կառավարությունը թիրախային օգնություն կհասցնի Բեյրութ ինչպես կառավարական, այնպես էլ համայնքային մակարդակով՛՛,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ բոլոր նրանք, ովքեր անհատական օգնություն, նվիրատվություն են ցանկանում ցուցաբերել, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել ԿԲ-ում և առցանց դրամահավաքի հարթակ՝ հիմնադրամի կայքում:

Փաշինյանը վստահեցրեց. ՛՛Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Բեյրութի մեր հայրենակից քույրերի ու եղբայրների կողքին, և ամեն ջանք կգործադրվի նրանց օգնության հասնելու և ստեղծված ծանր կացությունից դուրս գալու համար՛՛:

Նա նաև տեղեկացրեց, որ մեր ինքնաթիռի հետ Բեյրութ կմեկնի նաև Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը՝ գնահատելու մեր համայնքի կարիքները:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: