չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ուսումնասիրություն է սկսվել փոխնախարարի վերաբերյալ հրապարակումից հետո

Ուսումնասիրություն է սկսվել փոխնախարարի վերաբերյալ հրապարակումից հետո

Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն էտարածել, որում, մասնավորապես, ասվում է․

Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 7-ին «Հետք» ինտերնետային թերթում լրագրող Տիրայր Մուրադյանի հեղինակությամբ հրապարակված «Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք՝ մեկ ՊՈԱԿ-ում» վերնագրով հոդվածի առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հանձնարարությամբ, ուսումնասիրություն է իրականացվում վերոնշյալ հոդվածում նշված փաստերի առնչությամբ։

Մեզ համար չափազանց կարևոր է նախարարության հեղինակությունը: Նախարարության յուրաքանչյուր աշխատակից պետք է գիտակցի քաղաքացիական ծառայող լինելու պատասխանատվությունը և ձգտի իր բարեխիղճ աշխատանքով ու բարոյական նկարագրով բարձր պահել պետական գերատեսչության վարկանիշը հասարակության շրջանում։

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի համալրման գործընթացը պետք է լինի մրցակցային, թափանցիկ և արդար: Մենք կարևորում ենք մասնագիտական հմտությունները. լավագույն մասնագետները պետք է համալրեն պետական կառույցների աշխատակիցների շարքերը՝ անկախ բարեկամական, ազգակցական կամ այլ կապերից:

 

Միաժամանակ հարկ ենք համարում շեշտել, որ անընդունելի և դատապարտելի է պաշտոնատար անձի կողմից հովանավորչական որևէ գործունեություն․ նման երևույթների նկատմամբ նախարարությունը դրսևորելու է անհանդուրժողականություն և հետևողական է լինելու դրանց բացահայտման ու  վերացման գործում:

Ուսումնասիրության արդյունքների մասին հանրությանը հավելյալ կտեղեկացնենք։

  • Կիսվել: