կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Ուսուցիչը Հայաստանում պետք է ստանա 800-900 հազար կամ 1 միլիոն դրամ աշխատավարձ, և սա ամենևին էլ ուտոպիստական նպատակ չէ. Փաշինյան

Ուսուցիչը Հայաստանում պետք է ստանա 800-900 հազար կամ 1 միլիոն դրամ աշխատավարձ, և սա ամենևին էլ ուտոպիստական նպատակ չէ. Փաշինյան

«Չափազանց կարևոր հեղափոխական գործընթաց է տեղի ունենում հանրակրթության ոլորտում: Մենք ստեղծել ենք մի մեխանիզմ, որի մասին շատ ենք խոսել, որի արդյունքում ուսուցիչներն իրենք կարող են որոշում կայացնել իրենց աշխատավարձերի կրկնապատկման և երբեմն նույնիսկ եռապատկման մասին, խոսքը ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգի մասին է: Ես ուրախ եմ, որ ՀՀ-ում արդեն կան հարյուրավոր ուսուցիչներ, որոնք այդ կրկնապատկված և եռապատկված աշխատավարձը ստանում են և տխուր եմ, որ ՀՀ-ում դեռ կան հազարավոր ուսուցիչներ, որոնք դեռևս այդ հնարավորությունից չեն օգտվել: Մենք շարունակաբար մեր սիրելի ուսուցիչներին կքաջալերենք, որպեսզի նրանք այդ ուղղությամբ շարժվեն»,- Ազգային ժողովում 2023 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ 2023 թվականի համար  խնդիր է առաջադրել ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի ուսուցիչների ատեստավորման և համապատասխանաբար աշխատավարձերի աճի այս համակարգը ներդրվի նաև երաժշտական դպրոցներում, արվեստի դպրոցներում, մարզադպրոցներում և մանկապարտեզներում. «Ի սկզբանե ինչու նրանք համակարգի մեջ չեն եղել, որովհետև այս դպրոցների և կրթական հաստատությունների մի մասը գտնվում են ՏԻՄ համակարգի ներքո և այստեղ զուտ ֆինանսական-կառավարչական հարցեր կան և այդ հարցերը պետք է լուծել: Միանշանակ է, որ ատեստավորման համակարգն իրեն արդարացնում է, և մենք պետք է շարունակենք գնալ այս ճանապարհով: Մեր քաղաքական ուղերձը հետևյալն է, որ սա մեկանգամյա գործողություն չէ: Այս համակարգը հետագայում իր շրջանակն ընդլայնելու է, այս գործընթացը պետք է լինի պարբերաբար: Այո մենք այսօր ուրախ ենք, որ ուսուցիչը Հայաստանում ստանա 400-450 հազար դրամ աշխատավարձ, բայց մեր նպատակադրումն է, որ ուսուցիչը Հայաստանում ստանա 800-900 հազար կամ 1 միլիոն դրամ աշխատավարձ և սա ամենևին էլ ուտոպիստական նպատակ չէ»:

Փաշինյանն անդրադարձավ նաև մեկ այլ ծրագրի. «Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում դասավանդող ուսուցիչների պարագայում, որոնք հիմնականում գյուղերում գտնվող դպրոցներ են, և բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների դեպքում աշխատավարձերը 2023 թվականին կբարձրացնենք առանց ատեստավորման»:

  • Կիսվել: