Ուսուցիչների հավելավճարը՝ ատեստավորմամբ, դատավորներինն ու ոստիկաններինը՝ առանց նախապայմանների
Կառավարության հունվարի 22-ի նիստում ընդունվեց երեք նախագիծ, որոնք վերաբերում են ուսուցիչների, Սահմանադրական դատարանի դատավորների և ոստիկանության գվարդիայի աշխատակիցների հավելավճարներին։ Ի տարբերություն դատավորների և ոստիկանների՝ ուսուցիչների համար հավելավճարի ստացումը շարունակում է պայմանավորված մնալ ատեստավորման գործընթացով։
Գործադիրի նիստին երեք նախագծերից երկուսը, որոնք վերաբերում էին Սահմանադրական դատարանի դատավորներին ու Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիային վերաբերող նախագծերն ընդունվեցին չզեկուցվող հարցերի շարքում։
Նախագծերից առաջինը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորներին։ Կառավարության հիմնավորմամբ՝ «գործող վարձատրությունն իր կառուցվածքով և չափերով համարժեք չէ դատավորների բարձր կարգավիճակին, լիազորությունների ծավալին և պատասխանատվության աստիճանին»։ Ուստի առաջարկվում է սահմանել հավելավճարներ՝ ըստ աշխատանքային ստաժի. պաշտոնավարման երկրորդ տարում՝ 20 տոկոս, երրորդ տարում՝ 35 տոկոս, իսկ չորրորդ տարվանից սկսած՝ յուրաքանչյուր հաջորդ տարի նախորդ տարվա հավելավճարի չափից 10 տոկոսով ավելի։
Մեկ այլ նախագծով, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ պայմանավորված, կվերանայվեն ծառայողների լրավճարների չափերը։
Ուսուցիչների մասով կառավարությունը հստակեցնում է կրեդիտների հաշվարկման համար հիմք համարվող փաստաթղթերի ցանկը։ Նախագծով սահմանվեց, որ ուսումնական խմբակների ժամերը նույնպես հաշվարկվելու են որպես դասավանդվող ժամեր, և դրանց նկատմամբ ևս կիրառվելու են հավելավճարի սկզբունքները։ Բացի այդ, կանոնակարգվեց ատեստավորման արդյունքում ստացված ավելի բարձր կամ ավելի ցածր ցուցանիշների հաշվառման կարգը։
Քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ հանրապետությունում ընդամենը 13 ուսուցիչ է ատեստավորման արդյունքում ստանում 700,000 դրամ վարձատրություն։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ այս ցուցանիշը մտահոգիչ է։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ ատեստավորման արդյունքում 600,000-700,000 դրամ աշխատավարձ է ստանում 70 ուսուցիչ, 500,000-600,000 դրամ՝ 220, իսկ 400,000-500,000 դրամ՝ 1362 ուսուցիչ։ 300,000-400,000 դրամ վարձատրվողների թիվը կազմում է 2,952։


