կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Ուշիի ոլորաններում բախվել են Howo բեռնատարը և Mercedes-Benz-ը․ կա 2 զոհ և 2 վիրավոր

Ուշիի ոլորաններում բախվել են Howo բեռնատարը և Mercedes-Benz-ը․ կա 2 զոհ և 2 վիրավոր

Հունվարի 21-ին՝ ժամը 22:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում բեռնատարը կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ Աշտարակ-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին (Ուշիի ոլորաններ) բախվել են Howo մակնիշի բետոնամղիչ բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ա․) և Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ս․ )․ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Թ․ Հ․-ն տեղում մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատար ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարի խցիկից դուրս են բերել վարորդին ու ուղևորին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մենուա Ասատրյանը։

  • Կիսվել: