Ուսանողները ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակին նամակ փոխանցեցին
Եթե մեր հարազատներից մեկը լիներ բլոկադայի մեջ, բոլորը մեկ մարդու պես կգային, հիմա ի՞նչ է խնդիրը, մեր 120․000 հայրենակիցները գտնվում են բլոկադայի մեջ ու կա այսպիսի անտարբերություն։ Աս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման պահանջով բողոքի ակցիա անող ուսանողների մեկը։
«Կոչ ենք անում թե՛ երիտասարդությանը, թե՛ ավագ սերնդին միանալ մեզ, մենք սա չենք անում որևէ քաղաքական ուժի ներքո, սա ինքնաբուխ հավաք է, անում ենք մեր ուժերով։ Աշխարհին ցանկանում ենք հասցնել մեր կոչը, որ չշարժվեն երկակի ստանդարտներով»,- ասաց նա։
Ակցիայի մասնակից մեկ այլ ուսանող հայտնեց, որ ակնկալում են ավագ սերնդի ներկայացուցիչների աջակցությունը։
«Երիտասարդներս այս պահին ունենք նրանց կարիքը, այստեղ հավաքված երիտասարդները ունեն տարբեր մասնագիտական կարողություններ, տարբեր աշխարհընկալումներ, մենք մեր փորձով ցանկանում ենք ցույց տալ, որ եթե 21-րդ դարի երիտասարդները կարող են հավաքվել ազգային գաղափարի շուրջ, ապա ինչու դա չի կարող անել ավագ սերնդի ներկայացուցիչը, մենք պայքարելու ենք մեր ուժերի ներածին չափով»,- ասաց նա։
Ուսանողները ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակին նամակ են փոխանցելու՝ պահանջելով լիազորությունների շրջանակներում հանգուցալուծել Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը։
«Մենք նամակում հատուկ կետ ենք ներառել, որ ՄԱԿ-ը գրասենյակ բացի նաև Արցախում, և փոխանցել նրանց, որ չտրվեն Ադրբեջանի սադրանքներին, այստեղից ուղևորվելու ենք ՌԴ դեսպանատուն՝ նման պահաջով»,- ասաց ակցիա իրականացնող ուսանողներից մեկը։


