Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի Սենատորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովն անցկացրել է նիստ՝ նվիրված 2026 թ. Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17): Այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։
Նիստին մասնակցել է Ուրուգվայի փոխնախագահի, Գլխավոր ասամբլեայի և Սենատորների պալատի նախագահի պաշտոնակատար, սենատոր Բլանկա Ռոդրիգեսը, մի շարք այլ խորհրդարանականներ, ինչպես նաև՝ Արտաքին հարաբերությունների և Շրջակա միջավայրի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Նիստը վարել է Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար, սենատոր Ֆելիպե Կարբաժոն:
Նիստի շրջանակներում դեսպան Մարիամ Գևորգյանը հանգամանորեն ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները, ՀՀ նախագահության առաջնահերթությունները, համաժողովին ընդառաջ կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները: ՀՀ դեսպանը շեշտել է, որ COP17-ի շրջանակում կիրականացվի Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման ուղղությամբ համընդհանուր առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը:
Դեսպան Գևորգյանն անդրադարձել է նաև Հայաստանի հարուստ կենսաբազմազանությանն ու բնապահպանության ոլորտում վարվող քաղաքականությանը, ինչպես նաև՝ երկրի պատմամշակութային ժառանգությանը:
Նիստի ավարտին ուրուգվայցի խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել ՀՀ դեսպանին COP17-ին առնչվող համապարփակ տեղեկատվությունը ներկայացնելու համար՝ հաջողություն մաղթելով Հայաստանին Համաժողովի կազմակերպման գործում և վստահություն հայտնելով, որ այն կանցկացվի ամենաբարձր մակարդակով՝ դառնալով կարևոր հանգրվան կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղման ճանապարհին:



