ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Տուգանման բալային համակարգը հանելու վերաբերյալ նախագիծը բացասական եզրակացություն է ստացել

Տուգանման բալային համակարգը հանելու վերաբերյալ նախագիծը բացասական եզրակացություն է ստացել

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 3-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
 
Հիմնական զեկուցող Արամ Վարդևանյանի խոսքով՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում է կիրառվում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:

«Տուգանային միավորների համակարգի ներդրումից հետո՝ միայն 2021 թվականին, 170 հազարից ավելի որոշում է կայացվել, 5000-ին հասնող վարորդական իրավունքի կասեցում է իրականացվել»,- ասել է նա՝ հավելելով, որ, ըստ վիճակագրական տվյալների, տուգանային միավորների կամ բալային համակարգի ներդրումը որևէ կերպ չի փոխել ճանապարհատրանսպորտային պատահարների պատկերը, չեն նվազել ՃՏՊ-ներով պայմանավորված մահվան դեպքերը: Հետևաբար՝ նույն արարքի համար նախատեսված պատժի համակարգը պետք է վերացվի:

Առաջարկին հանձնաժողովի անդամներից շատերը դեմ էին՝ համարելով, որ քաղաքացին կրկնակի պատասխանատվության չի ենթարկվում: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ բալային համակարգը պատասխանատվության լուրջ զսպաշապիկ է վարորդների համար, հետևաբար պետք է մնա:

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը նշել է, որ բալային համակարգ կիրառվում է 21 երկրներում, և այն չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, ինչպես կարծում է նախաձեռնության հեղինակը:

Ըստ նրա՝ այս համակարգի դեմ բողոքում են այն վարորդները, որոնք 100 հազարներով տուգանք վճարելու խնդիր չունեն: Խնդիրն այն է, որ վտանգի տակ է դրվում նրանց վարորդական իրավունքը: «Այս օրենքի թիրախում հայտնվում են այն մարդիկ, որոնք պարբերաբար իրավախախտումներ են կատարում»,- ընդգծել է պատգամավորը:

ՃՏՊ-ների հետևանքով մահվան դեպքերի չնվազելն էլ կապված է նաև հետիոտների հետ, քանի որ նրանցից շատերը փողոցը հատում են անթույլատրելի տեղերում:

ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը նշել է, որ տուգանային միավորը կարող է լինել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ, և տուգանքի հետ համակցվելով՝ կարող է դառնալ լրացուցիչ: 

Նա իր հերթին ներկայացրել է վիճակագրական որոշ տվյալներ, ըստ որոնց՝ բալային համակարգը դրական ազդեցություն ունի ՃՏՊ-ների նվազեցման հարցում:

Հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին:

  • Կիսվել: