հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Թշնամական ագրեսիայի պատճառած վնասների դիմաց փոխհատուցում կտրվի  Վարդենիսի 17 անասնապահական տնտեսությունների

Թշնամական ագրեսիայի պատճառած վնասների դիմաց փոխհատուցում կտրվի Վարդենիսի 17 անասնապահական տնտեսությունների

ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ՝ 29 միլիոն 886 հազար  դրամ գումար է հատկացվել Վարդենիսի 17 անասնապահական տնտեսություններին՝ ադրբեջանական ագրեսիաների հետեւանքով հասցված վնասները վերականգնելու համար։

Վնաս կրած տնտեսություններին աջակցման գումարը տրամադրելու գործընթացը կազմակերպելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց  Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանին եւ Վարդենիս համայնքի անասնապահական տնտեսությունների ներկայացուցիչներին։

«ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել՝ աջակցել 2021-2022 թվականների ընթացքում ադրբեջանական ագրեսիաների հետեւանքով տուժած տնտեսություններին՝ հիմք ընդունելով Վարդենիսի համայնքապետարանի եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ներկայացված տվյալները եւ առաջարկությունները։ Գործընթացն արագ կազմակերպելու համար առաջիկա երեք օրերի ընթացքում պետք է ներկայացնել վճարման համար պահանջվող բոլոր փաստաթղթերը։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ համապատասխան գումարները ստանալուց հետո դրանց առնվազն 80 տոկոսը պետք է բացառապես ծախսվի անասնագլխաքանակ ձեռք բերելու եւ տնտեսությունների վերականգնման ուղղությամբ։  Կառավարությունը հոգացել է ամեն բան, որպեսզի տնտեսությունները վերականգնեն կորսված անասնագլխաքանակը եւ զարգանան։

Հունվարի երրորդ տասնօրյակում մարզպետարանի կողմից կանցկացվի համապատասխան ուսումնասիրություն՝ տրամադրված գումարները նպատակային ծախսելու ուղղությամբ»,-տեղեկացրեց մարզպետը։

 

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը անասնապահական տնտեսությունների անունից հավաստիացրեց, որ տրամադրված գումարները կծախսվեն նպատակային, կվերականգնվի կորսված անասնագլխաքանակը, իսկ շահառու տնտեսությունները զարկ կտան անասնապահության զարգացմանը։

  • Կիսվել: