Թռիչքը բաց թողած հայերը Նովոսիբիրսկի օդանավակայանում կոտրել են տերմինալի դուռը. նրանք ձերբակալվել են
Փետրվարի 17-ի առավոտյան S7 ավիաընկերության Embraer 170 ինքնաթիռն արդեն պատրաստվում էր շարժվել դեպի թռիչքուղի` Նովոսիբիրսկի Տոլմաչևոյից Բրատսկ մեկնող S7-5215 չվերթով թռիչք կատարելու համար: Այս մասին տեղեկանում ենք «Авиаторщина» պորտալի տելեգրամյան ալիքից:
Նշվում է, որ ինքնաթիռի սրահում բացակայում էր միայն երկու ուշացած ուղևոր։
«Այս պահին մեկնման վայրում վազվզում էին Բրատսկի երկու բնակիչներ՝ 37-ամյա Անդրանիկ Թ.-ն և նրա 42-ամյա ազգականը՝ Սպարտակ Թ.-ն։ Ինչպես հայտնել են S7-ի մամուլի ծառայությունից, տղամարդիկ տեղ են հասել երբ ուղևորներն արդեն տեղավորել են օդանավի սրահում, որից հետո օդանավի դռները փակվել են։ Բայց նրանք չեն հուսահատվել և որոշել են իրենց բախտը փորձել՝ ամեն կերպ փորձելով հասնել իրենց չվերթին»,-ասված է տեելեգրամյան ալիքում:
Բացի դրանից՝ նշվում է նաև, որ նախ Անդրանիկն ու Սպարտակը սեղմել են հակահրդեհային ազդանշանի կոճակը, իսկ հետո ոտքով ջարդել մագնիսական եղանակով արգելափակվող դուռը, դուրս են վազել և փորձել թափանցել օդանավ։ Այստեղ էլ նրանց ձերբակալել են և հանձնել տրանսպորտային ոստիկանությանը։