«Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսվող լիազորող նորմով Կառավարությունը կկարողանա հաստատել աջակցության ծրագիր
«Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսվող լիազորող նորմով Կառավարությունը կկարողանա հաստատել աջակցության ծրագիր: Նախաձեռնությամբ առաջարկվում է «Տրանսպորտի մասին» օրենքով նախատեսել լիազորող նորմ, որի հիման վրա Կառավարությունը կարող է հաստատել աջակցության ծրագիր՝ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի ոլորտներում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ծավալներն ավելացնելու համար: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 9-ի նիստում: Այն վարել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը:
Զեկուցողի խոսքով ներկայում նախարարությունը մշակում է մեխանիզմներ՝ տրանսպորտային պարկերի թարմացման, ինչպես նաև օդային տրանսպորտի ոլորտում ուղևորափոխադրումների ծավալների ավելացման ուղղությամբ աջակցության ծրագրեր իրականացնելու համար:
Նախաձեռնության վերաբերյալ հնչել են Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության դիտարկումները, որոնք կքննարկվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:
««Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել Կառավարության հեղինակած ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են հիմնականում տեխնիկական փոփոխություններ:
Հեղինակների բացակայության պատճառով մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթի քննարկումը: