հինգշաբթի, ապրիլ 10
10 / 4 / 2025
Թող Սուրբ Աստվածածինը հայ կանանց համար շարունակի լինել ներշնչանք առ Աստված. Գարեգին Բ

Թող Սուրբ Աստվածածինը հայ կանանց համար շարունակի լինել ներշնչանք առ Աստված. Գարեգին Բ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը սուրբ Աստվածածնի ավետման տոնի և մայրության ու գեղեցկության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
 
«Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից Ավետման տոնի առիթով Հայրապետական մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում համայն հավատավոր մեր ժողովրդին և ի մասնավորի`մեծազնիվ տիկնանց և օրիորդաց»,–ասված է ուղերձում։
Վեհափառը հիշեցրել է, որ ավետման ավետարանական դրվագը մեզ փոխանցում է Փրկչի աշխարհ գալու բարի ավետիսը և Սուրբ Աստվածամոր խոնարհ, հնազանդ ու հավատավոր կերպարը։ Այն դարձել է աստվածանվիրումի երանելի վկայություն և բարի օրինակ ծառայել հայ կանանց համար բոլոր ժամանակներում։
 
«Այս օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնություն` աղոթքով, որ ազգս զորանա նոր մանուկների ծնունդով, և մեր զավակները Աստծո օրհնության ու իրենց ծնողների հոգածության ներքո մեծանան հավատավոր հոգով, հայրենյաց սիրով և դաստիարակվեն ազգային ինքնության արժեքներով։ Թող Սուրբ Աստվածածինը հայ մայրերի ու քույրերի համար շարունակի լինել ներշնչանք առ Աստված»,– ասված է կաթողիկոսի ուղերձում։
Գարեգին Երկրորդը նաև հայցել է Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը, որպեսզի Տերը իր սուրբ աջի հովանու ներքո խաղաղ, անխռով ու բարօր պահի ու պահպանի հայրենի մեր երկիրն ու համայն ժողովրդին և օրհնի հայրենաշեն ու ազգաշահ բոլոր ջանքերը։

  • Կիսվել: