երկուշաբթի, ապրիլ 7
7 / 4 / 2025
Թող ձեր երկրաբանական մուրճը բացի ճանապարհ դեպի նոր հանքավայրեր՝ ի նպաստ մեր երկրի զարգացման. Լևոն Ազիզյանի ուղերձը՝ Երկրաբանի օրվա առթիվ

Թող ձեր երկրաբանական մուրճը բացի ճանապարհ դեպի նոր հանքավայրեր՝ ի նպաստ մեր երկրի զարգացման. Լևոն Ազիզյանի ուղերձը՝ Երկրաբանի օրվա առթիվ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ նվիրված Երկրաբանի օրվան: 

Ուղերձում ասվում է. «Հարգելի՛ երկրաբաններ, այսօր նշվում է ձեր մասնագիտական տոնը՝ Երկրաբանի օրը, որը խորհրդանշական օր է բոլոր այն մարդկանց համար, որոնք իրենց մասնագիտական կյանքը նվիրել են մեր մոլորակի ընդերքը ճանաչելուն:

1966 թվականից ամեն տարի ապրիլի առաջին կիրակի օրը նշվում է Երկրաբանի օրը, ինչը խորհրդանշում է ոչ միայն մասնագիտության կարևորությունը, այլև ձմռան ավարտն ու դաշտային արշավների ու հետազոտական աշխատանքների մեկնարկը:

ՀՀ կառավարությունը, կարևորելով այս մասնագիտության դերը երկրի տնտեսական բարգավաճման ու տեխնոլոգիական զարգացման գործում, 2004 թվականի հունիսի 3-ի N 936-Ն որոշմամբ պաշտոնապես հաստատել է որպես Երկրաբանի օր։

Հարգելի՛ երկրաբաններ,

Շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Երկրաբանի օրվա կապակցությամբ։

Մաղթում եմ ձեզ նոր բացահայտումներ, բեղմնավոր արշավներ, ճշգրիտ կանխատեսումներ և հաջողակ ծրագրեր: Թող ձեր կողմնացույցը միշտ ուղղվի ճիշտ ուղղությամբ, և թող ձեր երկրաբանական մուրճը բացի ճանապարհ դեպի նոր հանքավայրեր՝ ի նպաստ մեր երկրի զարգացման:

Առանձնահատուկ շնորհավորում եմ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոերկրաբանական բլոկի աշխատակիցներին։

Դուք կանգնած եք ամենաթանկ բնական ռեսուրսներից մեկի՝ ստորերկրյա ջրերի ուսումնասիրության, պահպանության և ռացիոնալ օգտագործման առաջնագծում։

Ձեր բարձր մասնագիտական որակավորման, պատասխանատվության և նվիրվածության շնորհիվ իրականացվում է համակարգված մոնիթորինգ, ձևավորվում է հուսալի տվյալների բազա, բացահայտվում են թանկարժեք ջրային պաշարներ և ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ՝ ջրային ռեսուրսների կառավարման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հիմնավորված որոշումների կայացման համար։

Այս տոնական օրը ցանկանում եմ հայտնել իմ խորին շնորհակալությունը՝ ձեր կատարած պատասխանատու աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և ոլորտի զարգացման գործում ունեցած կարևոր ներդրման համար։

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անձնական երջանկություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ՝ ի նպաստ մեր ընդհանուր առաքելության՝ ծառայելու բնությանը, գիտությանը և հասարակությանը։

Թո՛ղ ձեր ուղին միշտ լինի լուսավոր, հետազոտությունները՝ արդյունավետ, իսկ ջուրը՝ մաքուր և առատ»։

  • Կիսվել: