երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Տիգրան Արզաքանցյանը սնանկ է ճանաչվել

Տիգրան Արզաքանցյանը սնանկ է ճանաչվել

ՀՀ Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը  «Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին սնանկ է ճանաչել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

   Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան  էր դիմել գործարար Սմբատ Նասիբյանը։ Իսկ որպես հիմք նշվել էր միանձնյա արբիտրաժային տրիբունալի 07.10.2013թ. վճիռը։

 Ըստ դրա՝ ճանաչվել է Սմբատ Նասիբյանի սեփականության իրավունքը հօգուտ իրեն պատասխանողի կողմից գրավադրված «Էյ Էմ Ջի Էմ» ՍՊԸ-ի բաժնեմասի 20 տոկոսի հանդեպ՝ փոխառության պայմանագրով պատասխանողին տրամադրված 4.350.000 ԱՄՆ դոլարի դիմաց:

Որոշվել է բռնագանձում տարածել  նաեւ պատասխանող Տիգրան Արզաքանցյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանում կամ Հայաստանի տարածքից դուրս գտնվող դրամական միջոցների կամ այլ գույքի վրա՝ 965.260 ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի կամ այլ արտարժույթի չափով:

Տիգրան Արզաքանցյանի կողմից Սմբատ Նասիբյանին վճարման ենթակա գումարը 29.12.2021թ. դրությամբ կազմում է 2.552.189 ԱՄՆ դոլար, որից պարտավորության մայր գումարը՝ 965.260 ԱՄՆ դոլար, մայր գումարի նկատմամբ հաշվարկված տույժը՝ 940.954 ԱՄՆ դոլար, վճռով հաստատված տույժը՝ 645.975 ԱՄՆ դոլար:

 Ըստ դատարանի վճռի՝ Տիգրան Գրիշայի Արզաքանցյանից հօգուտ Սմբատ Նասիբյանի բռնագանձման ենթակա նախապես վճարված 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումարը գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով  նախատեսված դատական ծախսեր խմբում, որը պետք է մարվի պարտապանի միջոցներից:

Արգելանք  է դրվելու նաեւ  Տիգրան Գրիշայի Արզաքանցյանի գույքի վրա, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել:

   Վճիռը կարող է բողոքարկվել նաեւ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում:

  • Կիսվել: