երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Թեհրանի Հայոց Թեմի և Իրանի խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորների ուղերձը՝ Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Թեհրանի Հայոց Թեմի և Իրանի խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորների ուղերձը՝ Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհուրդը և Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր՝ Արա Շահվերդյանը, Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը , և մյուս կրոնական փոքրամասնությունների պատգամավորները խստորեն դատապարտել են Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, և վշտակցություն են հայտնել Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին , Իրանի նախագահին և զոհերի հարազատներին, գրում է parstoday.ir-ը:

Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի հղած ուղերձում ասված է,- «Խորապես ցավում ենք Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը հանգեցրել է ավելի քան 100 մարդու մահվան եւ բազմաթիվ վիրավորների:

Մենք բուռն կերպով դատապարտում ենք անմարդկային այս արարքը, որը միտում է խաղաղ բնակչության կյանքը խանգարել:

Այս առիթով ցավակցում ենք զոհերի ընտանեկան պարագաներին, վիրավորներին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում, եւ մեր սիրելի Իրանին առավել խաղաղություն:
Վշտակցում ենք երկրի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին, Հանրապետության նախագահին եւ պետկան այրերին աղոթելով, որ Աստված խաղաղություն պարգևի Իրանին եւ իր ազնիվ ժողովրդին»:

Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր՝ Արա Շահվերդյանը, Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը, ասորիների եւ քաղդեացիների պատգամավոր Շառլի Էնվիե Թեքիեն, զրադաշտականների պատգամավոր Էսֆանդիար Էխթիարին եւ հրեաների պատգամավոր Հոմայուն Սամե Յա Նաջաֆաբադին ևս խստորեն դատապարտել են Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն են հայտնել իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդին, զոհերի հարազատներին, և Իրանի սգավոր ժողովրդին, և վիրավորներին մաղթել են շուտափույտ ապաքինում։

  • Կիսվել: