Տեղի է ունեցել ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի խորհրդի ամենամյա նիստը
Մայիսի 5-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը (Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան ՆՀԺԽ 2.0)» ծրագրի խորհրդի ամենամյա նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը, ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացուցիչներ ԱԺ աշխատակազմից: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Ողջունելով խորհրդի նիստի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական զարգացման ծրագրի գործունեությունն Ազգային ժողովում դժվար է թերագնահատել: Այն ընդգրկում է ծավալուն աշխատանք թե՛ մշտական հանձնաժողովների և թե՛ Ազգային ժողովի աշխատակազմի հետ: ԱԺ նախագահն առանձնացրել է մի քանի ոլորտ, որտեղ ծրագրի ներգրավվածությունը կենսական է եղել Ազգային ժողովի արդյունավետ գործունեության համար: Դրանց թվում են թվայնացման օրակարգի խթանումը, նախաօրենսդրական գործընթացներին աջակցությունը, երիտասարդների ներգրավման ծրագրերը, կարողությունների հզորացումն ու Ազգային ժողովի բարեփոխումների ռազմավարության նախապատրաստական աշխատանքները:
Ալեն Սիմոնյանը վստահեցրել է, որ ընթացիկ տարում այս ձեռքբերումների վրա կկառուցվեն հետագա քայլերը և մատնանշել առաջնահերթ ուղղությունները՝ Ազգային ժողովի թվայնացման օրակարգի զարգացում, ԱԺ բարեփոխումների ռազմավարության ընդունման և իրագործման աջակցություն, հանրային քաղաքականության գործընթացների ամրապնդում, կանանց և երիտասարդների ներգրավման ընդլայնում, Ազգային ժողովի՝ որպես կանաչ խորհրդարանի կարողությունների զարգացում:
«Այս գործընթացներում մեզ համար անգնահատելի է Շվեդիայի և Կանադայի կառավարությունների աջակցությունը, ինչպես նաև ՄԱԶԾ խորհրդարանական զարգացման ծրագրի ներդրումը Հայաստանի խորհրդարանական ժողովրդավարության ամրապնդման գործում: Երախտապարտ եմ բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ Ազգային ժողովի աշխատակազմին և վստահ եմ, որ հետագայում եւս խորհրդարանական զարգացման ծրագիրը շարունակելու է նպաստել Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանը՝ ամրապնդելով թափանցիկ, արդյունավետ և ներառական խորհրդարանական համակարգ»,- ելույթի ավարտին ընդգծել է ԱԺ նախագահը:
«Շվեդիան երկար ժամանակ եղել է հանձնառու գործընկեր՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարական կառավարմանը, թափանցիկությանն ու ներառականությանը: «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը վկայությունն է Հայաստանի աներկբա հանձնառության՝ ամրապնդելու ժողովրդավարական հաստատությունները»,- ողջունելով խորհրդի նիստի մասնակիցներին՝ ասել է ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը: Նա նշել է, որ անցյալ տարի նշանակալի ձեռքբերումներ են արձանագրվել, որոնք առանցքային քայլեր են դեպի ավելի արձագանքողունակ, հաշվետու և քաղաքացիակենտրոն Ազգային ժողով: Ընդգծելով հանրային իրազեկման և ներառականության ուղղությամբ իրականացված գործողությունները՝ դեսպանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում կոնկրետ քայլեր են ձեռնարկվել համաներառելու գենդերազգայուն քաղաքականությունները Հայաստանի խորհրդարանում: Պատրիկ Սվենսոնը կարևոր նախաձեռնություն է համարել նաև ծրագրի շրջանակում տեղի ունեցած Կլիմայի փոփոխության և էներգետիկ անցման թեմայով համաժողովը: Նշվել է, որ համաժողովի ընթացքում ընդգծվել է բնապահպանական կայունության առումով օրենսդրական գործողություններ ձեռնարկելու հրատապ անհրաժեշտությունը: Դեսպանն ընդգծել է, որ Շվեդիան պատրաստ է շարունակելու աջակցել Հայաստանին՝ նշելով, որ արդիականացման ջանքերը կարևոր են Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման գործընթացներում:
«Ժողովրդավարությունը շարունակական գործընթաց է: Հայաստանում ժողովրդավարության ուղղությամբ իրականացվող քայլերը տպավորիչ են: Հայաստանն ու Ազգային ժողովը կարևորագույն դերակատարում ունեն ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման հարցում»,- ասել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները՝ ընդգծելով Կանադայի մասնակցությունն ու աջակցությունը Հայաստանին:
ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, շնորհակալություն հայտնելով ռազմավարական գործընկերներին աջակցության համար, նշել է, որ խորհրդարանները ժողովրդավարական կառավարման սիրտն են: «ՄԱԶԾ-ն եւս շարունակում է իր հանձնառությունը՝ աջակցել Հայաստանում ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և ներառական քաղաքականության մշակման գործընթացին»,- ասել է Նաթիա Նացվլիշվիլին՝ տեղեկացնելով, որ անցած տարվա ընթացքում էական քայլեր են իրականացրել ԱԺ ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնման հարցում: «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը նա բնութագրել է որպես կերպափոխիչ ծրագիր:
ՄԱԶԾ «Խթանելով ՀՀ ԱԺ արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը (Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան ՆՀԺԽ 2.0)» համակարգող Ռուզաննա Հայրապետյանը ներկայացրել է ծրագրի՝ 2024 թվականի հիմնական ձեռքբերումները, ինչպես նաև 2025 թվականի գործողությունների պլանը: Շնորհակալություն հայտնելով նախորդ տարի կատարված աշխատանքների համար՝ Ռուզաննա Հայրապետյանը նշել է, որ 2024 թվականին նախանշվել և հաստատվել է ՀՀ ԱԺ ռազմավարության տեսլականը: Իսկ 2025 թվականին արդեն առկա է ռազմավարության և ճանապարհային քարտեզի նախագիծը, ինչպես նաև իրականացվելիք գործողությունների պլանը: Մանրամասն ներկայացնելով իրականացվող ծրագրերը` Ռուզաննա Հայրապետյանն անդրադարձել է գենդերային հավասարության և սոցիալական ներառականության, Երիտասարդների խորհրդարան ծրագրերին, կայուն զարգացման նպատակներին վերաբերող նոր գործիքակազմին, Հաշվեքննիչ պալատի թվայնացմանը, Հաշվեքննիչ պալատի մարդկային ռեսուրսների համակարգի արդիականացմանը: Նա տեղեկացրել է, որ 2025 թվականին տեղի են ունենալու կիբեռանվտանգության համատեքստում արհեստական բանականությանը վերաբերող մի շարք վերապատրաստաման դասընթացներ, ինչպես նաև մի շարք հարթակներում կկայանան քննարկումներ կլիմայի փոփոխությունների օրակարգի վերաբերյալ: Հարցուպատասխան ձևաչափի շրջանակում ծրագրի համակարգողը տվել է պարզաբանումներ իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
Ներկայացնելով ՀՀ Ազգային ժողովի նոր պաշտոնական ինտերնետային կայքէջի կառուցվածքը, տեսլականը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը նշել է, որ համատեղ աշխատանքներում և ծրագրերում անկյունաքարային է Հայաստանի Ազգային ժողովի և Ազգային ժողովի աշխատակազմի գործունեության թվայնացման գործընթացների աջակցությունը:
Ամփոփելով՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի:
ՄԱԶԾ-ի «Խթանելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը» ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության, Կանադայի կառավարության և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աջակցությամբ: