ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տեղի է ունեցել Ախալքալաքի ՀԷԿ-երի պաշտոնական բացումը

Տեղի է ունեցել Ախալքալաքի ՀԷԿ-երի պաշտոնական բացումը

Այսօր՝ նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ Ախալքալաքի հիդրոէլեկտրակայանների (Ախալքալաք-1 և Ախալքալաք-2) բացման պաշտոնական արարողությունը, գրում է jnews.ge-ն:

Ներկա էին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միքաուտաձեն, Կովկասյան վերականգնվող էներգիայի CCEH հոլդինգի տնօրեն Միխայիլ Նիբլաձեն, CCEH ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքս Բենարդը, երկրորդ ներդրումային ընկերության՝ Իսլանդիայի պետական ​​էներգետիկ արտադրության LANSVIRKJUN ընկերության փոխնախագահ Ռիկի Ռիկարդսոնը, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին, Խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և այլք։

Միջոցառման հենց սկզբից Միխայիլ Նիբլաձեն և Ռոմեո Միքաուտաձեն ծանոթացան շենքի և կատարված աշխատանքների հետ։

Այնուհետև խոսքով հանդես եկան ներկաները։

«Վրաստանի շարունակական էներգետիկ անվտանգության ապահովումը երկրի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունն է։ Վերականգնվող էներգիայի աղբյուրների ավելի լայն զարգացումը կնպաստի այս ռազմավարական նպատակի իրականացմանը։ Ելնելով այն հանգամանքից, որ հիդրոէներգետիկան բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի տեղական արտադրության ամենամեծ տեսակարար կշռին, էներգետիկ այս ենթաոլորտի զարգացումը առանձնահատուկ նշանակություն ունի։ Ընդ որում, խոսքը ոչ միայն խոշոր կարգավորիչ կայանների մասին է, որոնց ներդրումն էներգետիկ անվտանգության գործում կարեւոր է, այլեւ փոքր ու միջին էներգետիկ օբյեկտների։ Դրանք նպաստում են ոչ միայն արդյունաբերության զարգացմանը, այլեւ դրական են ազդում գյուղերի սոցիալական վիճակի վրա, որտեղ կառուցվում են նման կայաններ»,- ասաց Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Ռոմեո Միքաուտաձեն։

«Մենք նախադեպեր ենք ստեղծում, թե ինչպես կարելի է ժամանակակից հիդրոէլեկտրակայաններ կառուցել եվրոպական չափանիշներով։ ՀԷԿ-ի կառուցման դրական ազդեցությունը տարածվում է ենթակառուցվածքների զարգացման, զբաղվածության և աշխատատեղերի ստեղծման վրա, և մեր ներդրումներն իրենց հետ բերում են գիտելիքներ, որակավորում, արևմտյան փորձ, միջազգային չափանիշների ներդրում, անվտանգության չափանիշներին համապատասխանություն և աշխատանքային մշակույթ, ինչն էլ ավելի մեծ հնարավորություններ է տալիս տեղի բնակչությանը բարելավելու իրենց կենսապայմանները»,- ասաց CCEH-ի տնօրեն Միխայիլ Նիբլաձեն:

Ախալքալաքի հիդրոէլեկտրակայանը (երկու հէկերը)՝ 9,1 ՄՎտ դրվածքային հզորությամբ, ամենամեծն է 2022 թվականին Վրաստանում շահագործման հանձնված ՀԷԿ-երից։ 2021 թվականի տվյալներով՝ 50 մլն կիլովատ/ժամ հզորությամբ փոքր ՀԷԿ-երի արտադրության մեջ նրա մասնաբաժինը կազմում է 6%, իսկ ՀԷԿ-երի ընդհանուր արտադրության մեջ՝ 0,5%։
Երկու ՀԷԿ-երի տարեկան արտադրողությունը՝ մոտ 49 ԳՎտ։

Միջոցառման պաշտոնական արարողությունից հետո հենց ՀԷԿ-ի տարածքում տեղի ունեցավ հյուրասիրություն։

  • Կիսվել: