հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Ճանապարհի մերկասառույցի պատճառով 57-ամյա վարորդը Mercedes-ով Արագածոտնի մարզում բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում

Ճանապարհի մերկասառույցի պատճառով 57-ամյա վարորդը Mercedes-ով Արագածոտնի մարզում բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում հունվարի 22-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 18։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Արամայիս Պ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 30 մետր հայտնվել ձորում՝ ձյան մեջ։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արմեն Զաքարյանն ու պարեկ Արմեն Հարությունյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

  • Կիսվել: