ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների փոփոխություններ են նախատեսվում

Ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների փոփոխություններ են նախատեսվում

Կառավարության վերջին նիստում ընդունվեց Ճանապարհային երթևեկության կազմակերպման անվտանգության բարձրացմանն ուղղված փոփոխությունները նախագիծը: Փոփոխությունները կատարվել են ԵԱՏՄ ստանդարտներին (ԳՕՍՏ) համապատասխանեցնելու համար, ինչպես նաև, այն պատճառով, որ առկա որոշումները 2006-2008 թթ-երի էին և բավականին հնացած էին:  Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային քաղաքականության բաժնի ավագ մասնագետ Արուսյակ Խաչատրյանը:

«Նախ նշեմ, որ բոլոր որոշումները կապված են ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների հետ: Այսինքն, տվյալ որոշումներում դասակարգվում է տեխնիկական միջոցների պահանջները, օրինակ՝ նշանների, լուսացուjցերի, գծանշումների ներկայացվող պահանջները՝ տեղակայման, չափերի և այլնի հետ:

Ներկայումս աշխարհում ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներnվ անընդհատ աճում և զարգանում են: Ստացվում է այնպես, որ մեր կառավարության որոշումներում այն տեխնիկական միջոցները, որոնց մասին չկա ոչինչ նշված, մենք չէինք կարող կիրառել դրանք մեր երթևեկության մեջ: Այսինքն, տվյալ փոփոխությունները բխում էին նաև այս տրամաբանությունից»,-նշեց Արուսյակ Խաչատրյանը:

Նա օրինակ է բերում և նշում, որ դպրոցների մոտ առավելագույն արագության սահմանափակում ենք դնելու՝ օրինակ 20,30,40 կմ/ժ: Դպրոցի դասերն ավարտվում են ենթադրենք 3-ին ու այդ ժամից հետիոտների ինտենսիվությունը պակասում է, բայց վարորդը դրված նշանով առաջնորդվելով՝ ստիպված պետք է երթևեկի սահմանված նվազագույն արագությամբ: Այդպիսի դեպքերում կարող ենք կիրառել փոփոխվող տեղեկատվության նշան՝ ենթադրենք՝ աշխատանքային օրերին որոշ ժամերին արագությունը սահմանափակենք 40 կմ/ժ, դրանից հետո՝ 60 կմ/ժ: Այսինքն, որ իզուր արհեստական խցանումներ չառաջացնենք տվյալ հատվածներում.

«Մեզ այս փոփոխություններով հնարավորություն է տրվել երթևեկության մեջ կիրառել նոր ի հայտ եկած երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ, որոնք կիրառում են աշխարհի տարբեր երկրներում»,-նշեց նա:

Արուսյակ Խաչատրյանը նաև տեղեկացրեց, որ օրենքում կետ կա, որով  հետագայում նոր տեխնիկական միջոց ի հայտ գալու դեպքում առանց օրենքի մեջ փոփոխություն մտցնելու, հնարավորություն լինի տվյալ ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցը կիրառել:

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է, որպեսզի չկարգավորվող հետիոտնային անցումների վրա, որտեղ լուսացույց չկա, հետիոտնային նշանի վահանակների վրա պարտադիր կիրառել դեղնականաչավուն լուսաանդրադարձնող ժապավեններ: Այն տեսանելիության բարձրացման միջոցառում է վարորդի համար:

Որոշ դեպքերում հետիոտնային անցում ճանապարհային նշանը նաև կկախվի վերևից, որը վարորդի կողմից ավելի տեսանելի կլինի 150-300 մետր հեռավորությունից:

  • Կիսվել: