Տառերի պուրակի հարևանությամբ վթարի է ենթարկվել Ապարան-Երևան երթուղու մարդատար «Gazel»-ը. կա 13 վիրավոր
Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Տառերի պուրակի հարևանությամբ, Ապարան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Gazel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 13 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ մի մասը՝ «Աշտարակ», մյուս մասը՝ «Ապարան» բժշկական կենտրոններ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը: