կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տարածքն ախտահանելուց մինչև ախտահանիչների տեղադրում. տեսչական մարմինները խստացված հսկողություն են իրականացնում

Տարածքն ախտահանելուց մինչև ախտահանիչների տեղադրում. տեսչական մարմինները խստացված հսկողություն են իրականացնում

Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Տեսչական մարմիններն արդեն երկրորդ օրն է՝ խստացված հսկողություն են իրականացնում: 

«Երեկվանից սկսել ենք մեր մշտադիտարկումները, վերահսկողական գործառույթները հանրային տրանսպորտում: Խոսքը չի վերաբերում միայն հանրային տրանսպորտին, մեր ուշադրության կենտրոնում է տրանսպորտի ոլորտը, մասնավորապես կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրման գործընթացը, մարդատար տաքսի ավտոմոբիլներով իրականացվող ուղևորափոխադրման գործընթացը, երկաթուղային տրանսպորտը, ինչպես նաև Մետրոպոլիտենը: 200-ից ավելի մշտադիտարկումներ են իրականացվել, բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվում, բայց եթե համեմատենք երեկվա և այսօրվա արդյունքները, որոշակի դրական միտումներ են նկատվում զուտ այն առումով, որ արդեն իսկ ուղևորները և վարորդները դիմակներ են դնում»,- ասաց Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի անվտանգության բաժանմունքի պետ Արթուր Արաբաչյանը:

Արաբաչյանը նշեց, որ տնտեսվարող սուբյեկտներին և վարորդներին հորդորել են մինչև ուղևորներին սպասարկելը պարտադիր օգտվել ախտահանիչ հեղուկից, բացի այդ, սպասարկել ուղևորներին միայն դիմակների առկայության դեպքում: 

«Կանոնավոր երթուղիներ շահագործող տնտեսվարող սուբյեկտներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներում օրական նվազագույնը երկու անգամ իրականացնել ախտահանման գործընթաց»,- հայտնեց Արաբաչյանը: 

  • Կիսվել: