շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Տարակարգ ստանալու հնարավորություն կընձեռվի նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին. նախագիծ

Տարակարգ ստանալու հնարավորություն կընձեռվի նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողներին. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման կարգի նախագիծը:

«Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգերը սահմանելու մասին» ԿԳՄՍ նախարարի հրամանի նախագծով կարգավորվում են նշված հաստատությունների մանկավարժական աշխատողիների տարակարգի շնորհման և հավելավճար տրամադրելու հետ կապված հարաբերությունները: Մինչ այս նախադպրոցական կրթության բնագավառում տարակարգի ինստիտուտը ներդրված չի եղել, և այս ոլորտի մանկավարժական աշխատողներն այդ գործիքի միջոցով հավելավճար ստանալու հնարավորություն չեն ունեցել: Նոր կարգավորմամբ  սահմանվում է տարակարգի եռաստիճան համակարգ` նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների համար:

Տարակարգի համար կարող են դիմել նախադպրոցական հաստատության մեթոդիստի, դաստիարակի, երաժշտական դաստիարակի և ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոն զբաղեցնող մանկավարժական աշխատողները:

Տարակարգի բնութագրիչներն են՝

զբաղեցրած պաշտոնին համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթությունը (կիրառելի է միայն առաջին աստիճանի տարակարգի համար դիմելու դեպքում),

ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորած կազմակերպությունում որպես վերապատրաստող մասնագետ ներգրավված լինելը,

վերջին հինգ տարվա ընթացքում ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված ուսումնական, ուսումնամեթոդական ձեռնարկի կամ ուսումնաօժանդակ նյութի հեղինակ կամ համահեղինակ լինելը,

վերջին երեք տարվա ընթացքում նախարարության կրթության պետական տեսչական մարմնի տեսչավորումների կամ արտաքին գնահատման արդյունքում լավագույն ցուցանիշներ ունենալը,

վերջին երեք տարվա ընթացքում «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերից մեկում հաղթող ճանաչված լինելը,

սաների կարիքների ճանաչում, ընտանիքի հետ համագործակցություն՝ անանուն հարցաթերթիկների միջոցով ծնողների կողմից մանկավարժական աշխատողի գնահատման արդյունքները,

տվյալ ուսումնական տարվա տարեկան թեմատիկ պլանը (ուսումնադաստիարակչական, մեթոդական աշխատանքների պլանավորում), ինչպես նաև տարակարգի համար դիմելու նախորդ ամսվա ընթացքում կազմած բոլոր պարապմունքների պլանները (պարապմունքների պլանների պահանջը մեթոդիստի դեպքում կիրառելի չէ),

տարակարգի համար դիմելու նախորդ վեց ամսվա ընթացքում իր մոտ կատարված պարապմունքների լսումների և տարբեր ռեժիմային պահերի դիտումների բոլոր արձանագրությունները, դիդակտիկական տարբեր նպատակներով իրականացված երկու պարապմունքի առնվազն 10 րոպե տևողությամբ տեսագրություն,

ներառականությունն ու մասնակցայնությունն ապահովող կարողություններ՝ մշակված անհատական զարգացման պլանի ներկայացում, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք (ԿԶԱՊԿ) ունեցող սաների կրթման արդյունավետության մասին վկայող փաստեր՝ ԿԶԱՊԿ գնահատման արդյունքի փոփոխություն։

Մանկավարժական աշխատողն իր նախաձեռնությամբ է մասնակցում տարակարգի շնորհմանը` ԿԳՄՍ նախարարին ուղղված իր դիմումի հետ միասին ներկայացնելով ներքոնշյալ փաստաթղթերը՝

անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

մասնագիտական կրթությունը (միջին մասնագիտական կամ բարձրագույն) հավաստող փաստաթղթի պատճենը,

տեղեկանք աշխատանքային վայրից,

սահմանված բնութագրիչները հավաստող փաստաթղթերը,

դաստիարակը տարակարգ ստանալու համար վերը նշված փաստաթղթերից բացի՝ ներկայացնում է նաև վերապատրաստման վկայական:

Տարակարգ շնորհելու մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, նախարարի հրամանով ձևավորված հանրապետական հանձնաժողովի կողմից՝ հիմք ընդունելով տարակարգի բնութագրիչները: Հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել` դիմում ներկայացնելով նախարարի անունով կամ դատական կարգով:

Տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով: Նշված ժամանակահատվածում ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տարակարգ ստացած մանկավարժական աշխատողին առաջին աստիճանի տարակարգի դեպքում հավելավճար է տրվում ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի 75 տոկոսի չափով, երկրորդ աստիճանի տարակարգի դեպքում՝ 150 տոկոսի չափով, երրորդ աստիճանի դեպքում՝ 300 տոկոսի չափով: Հնգամյա ժամկետի ընթացքում  տարակարգը պահպանվում է մանկավարժական աշխատողի՝ մի հաստատությունից մեկ այլ հաստատություն տեղափոխման դեպքում:

Նախադպրոցական հաստատության մանկավարժական աշխատողների համար տարակարգի շնորհումը նպատակ ունի ապահովել շարունակական մասնագիտական զարգացման հնարավորություններ` խրախուսելով ոլորտում աշխատակիցների վարձատրության բարելավումը, նոր և որակյալ կադրերի մուտքը համակարգ:

Հավելենք, որ ոլորտի մասնագետներն և շահագրգիռ քաղաքացիները կարող են առաջարկություններ ներկայացնել մինչև 2023 թ. հունվարի 13-ը:

  • Կիսվել: