երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Տաքսու վարորդ-հաճախորդ կոնֆլիկտներ են առաջանում, հիմնական պատճառը ծրագիրն է. բողոքի ակցիայի մասնակից

Տաքսու վարորդ-հաճախորդ կոնֆլիկտներ են առաջանում, հիմնական պատճառը ծրագիրն է. բողոքի ակցիայի մասնակից

Յանդեքսում գոյություն ունի, այսպես կոչված տեխաջակցություն, սակայն վստահեցնում եմ, որ այստեղ ներկա վարորդների 99%-ին այդ տեխաջակցությունը չի աջակցել երբևէ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, օնլայն տաքսիների վարորդների բողոքի ակցիայի ժամանակ նշեց վարորդներից մեկը:

«Յանդեքսը թույլ է տալիս օրական երկու անգամ օգտվել «տուն» ծրագրից: Այսինքն սեղմում ես «տուն» կոճակը, դեպի տան հասցե, ինչ պատվեր, որ լինի ինքը տալու է: Իմ տունը Աջափնյակում է, բայց մոտենալուն պես հաճախորդը պատվերի մեջ կետ է ավելացնում՝ հետադարձ դեպի Էջմիածին։ Ծրագիրը տեսնում է, որ ես գնում եմ տուն, բայց թույլ է տալիս, որ հաճախորդը նման բան անի: Ինչո՞ւ է դա թույլ տալիս։

Արդյունքում իմ ու հաճախորդի մեջ կոնֆլիկտ է առաջանում, հաճախորդը ինձ ասում է՝ տաքսի ես քշում, ինձ հետաքրքիր չի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ շատ դեպքերում էլ հաճախորդներն են բողոքում վարորդների աշխատանքից, մասնավորապես, նրանից, որ դեռ մեքենան տեղում չէ, բայց վարորդը սեղմում է կոճակը, որ տեղում է, վարորդներից մեկն արձագանքեց. «Ես «Յանդեքս» օնլայն տաքսու վարորդ եմ: Օրական, գոնե 1-2  դեպք լինում է, որ իրականում հասնում եմ նշված կետ, տալիս եմ «տեղում», բայց հաճախորդին այդ ինֆորմացիան փոխանցվում է  2-3 րոպե հետո: Հաճախորդը, որ մոտենում է ինձ չորս-հինգ րոպեից, ես  ասում եմ՝ ես շուտվանից այստեղ կանգնած եմ, ասում է՝ ինձ նոր է եկել ձեր «տեղումը»։  Բնականաբար ինքը դժգոհում է, ասում է՝ գնացեք ձեր Յանդեքսին ասեք կամ ձեր օպերատորին ասեք։  Այդպես հաճախորդ-վարորդ կոնֆլիկտներ են առաջանում և հիմնականում պատճառը ծրագիրն է»:

  • Կիսվել: