հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում եւ լուծման տարբերակները» խորագրով քննարկում՝ խորհրդարանում

«Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում եւ լուծման տարբերակները» խորագրով քննարկում՝ խորհրդարանում

Մեր երկրում բազմաթիվ անվտանգային խնդիրներ ունենք, որոնց զուգահեռ առկա են նաեւ հրատապ լուծում պահանջող հարցեր: Դրանցից մեկն էլ թափառող կենդանիների խնդիրն է. ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հունվարի 26-ին խորհրդարանում տեղի ունեցած «Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում եւ լուծման տարբերակները» խորագրով քննարկմանը:

Քննարկմանը մասնակցել են գործադիր, օրենսդիր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀԿ անդամներ, կենդանասերներ եւ խնդրով մտահոգ քաղաքացիներ:

«Պետք է համագործակցաբար աշխատեն ե՛ւ կենդանասերները, ե՛ւ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները: Համակարգային մոտեցում է պետք, երբ պատկան մարմինների ներկայացուցիչները թերանում են իրենց աշխատանքում, արդյունքում մարդն ու կենդանին մնում են միայնակ, եւ յուրաքանչյուրը փորձում է խնդիրը լուծել ըստ իր պատկերացրածի: Արդյունքում, խնդիրն ավելի է խորանում»,- նշել է Արեգնազ Մանուկյանը:

«Թափառող կենդանիների վերաբերյալ Ներքին գործերի նախարարություն ահազանգերը հիմնականում եղել են թափառող շների կողմից քաղաքացիների վրա հարձակվելու, կծելու, ագրեսիվ լինելու, աղբամանների մոտ հավաքվելու վերաբերյալ»,- ասել է ՀՀ ՆԳՆ պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը: Ըստ նրա՝ ահազանգերի գերակշիռ մասը վերաբերել են Երեւան քաղաքին, մարզերից առավել շատ՝ Շիրակի, Արմավիրի, Լոռու եւ Կոտայքի մարզերին: Կարեն Հակոբյանն արձանագրել է, որ վարչական տարածքներում եւ մարզերում կենդանիների ստերջացման հարցը խնդիր է: Նրա դիտարկմամբ այն մարզերում մասամբ է իրականացվում կամ իրականացվել:

Երեւանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը ներկայացրել է կառույցի գործունեությունը, իրականացվող ծրագրերը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել թափառող կենդանիների ստերջացմանը, կատաղություն հիվանդության դեմ պայքարին, անտուն կենդանիների պատվաստման գործընթացին, վտանգավոր, վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը: Նա տեղեկացրել է, որ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն, որով կհստակեցվեն ոլորտին վերաբերող կարգավորումները:

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սերգեյ Չախմաչյանի դիտարկմամբ խնդիրն օրհասական է դարձել: Նա ներկայացրել է կենդանիների կողմից հարձակման ենթարկված քաղաքացիների վերաբերյալ վիճակագրությունը՝ ընդգծելով, որ հարձակումների թիվը տարեցտարի կտրուկ աճել է: Նա կոչ է արել նման դեպքերում հարձակման ենթարկվածին ուղեկցել առողջապահական հաստատություններ՝ համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար:

Բանախոսները պատասխանել են պարտադիր չիպավորմանը, պատվաստմանը, կենդանիների կացարանների կառուցմանը, որդեգրմանը, շնամարտերին վերաբերող հարցերին: Առաջարկվել է օրենսդրական փոփոխություններով վարչական պատասխանատվության ենթարկել ընտանի կենդանիներին փողոց նետելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերողների նկատմամբ, հստակեցնել վիրավոր եւ հիվանդ կենդանիների բուժման եւ, անհրաժեշտության դեպքում, քնեցման գործընթացի կարգավորումները:

Ելույթներում մասնակիցները շնորհակալություն են հայտնել խնդրահարույց թեմայի վերաբերյալ քննարկում կազմակերպելու համար: Ընդգծվել է, որ մինչ օրս չի գտնվել եւ կիրառվել հստակ մեթոդաբանություն՝ հարցը վերահսկվող հարթակում պահելու համար:

  • Կիսվել: