ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թալինի տարածքում բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Թալինի տարածքում բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում բախվել են Opel և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին և 3-րդ դասակների ծառայողները՝ գումարտակի  հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալայանի, դասակի հրամանատարներ Հրանտ Գալստյանի և Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ։ Քանի որ վթարի հետևանքով առաջացել է մեծ խցանում, Պ. Պետրոսյանը իր՝ 3-րդ դասակի տեսուչների հետ ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի ճանապարհի խցանումը վերանա։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Թալինի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։  

  • Կիսվել: