Տագնապալի է վիճակը, Ռուբեն Վարդանյանի ուղերձը մեր հանրությանը սթափության կոչ էր, Բաքվում շոու է լինելու.արցախցի նախարար
Հաշվի առնելով, որ այսօր Բաքվում մեկնարկում է հայ գերիների դատական պրոցեսը, շատ կարևոր է ևս մեկ անգամ բարձրաձայնել արդարադատության դեմ գործող ոճրագործության մասին և ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի հանցագործ գործելակերպի վրա` փորձելով կանխել այդ հերթական հանցագործությունը:
Այս մասին, այսօր ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը:
«Ռուբեն Վարդանյանի երեկ տարածած հայտարարությունը լավագույնս ցույց է տալիս, թե ինչքան տագնապալի է վիճակը և ինչպիսի խայտառակ դրություն է տիրում արդարադատության առումով Բաքվում: Դա կոչ էր բոլորիս՝ թե հայ հանրությանը սթափության և համարժեք քայլեր ձեռնարկելու, թե միջազգային հանրությանը արդարադատությունը պաշտպանելու առումով:
Այն, ինչ որ երեկ տարածվեց լրատվամիջոցներով Ռուբեն Վարդանյանի հայտարարության մեջ, վկայում է, որ մենք ականատես ենք լինելու հերթական բեմականացված շոուին Ադրբեջանում: Դա կոչ էր մեզ բոլորիս, որպեսզի գուլ չտանք Ադրբեջանի կողմից հերթական խայծը՝ էլ ավելի պառակտվելու, էլ ավելի թուլանալու և խոցելի դառնալու»,-ասաց նա:
Հարցին՝ ո՞րն է այս պարագայում ՀՀ իշխանությունների անելիքը, Աղբալյանը պատասխանեց. «Իշխանությունը առաջին պահանջատերը պետք է լինի արդարադատության և իր քաղաքացիների պաշտպանության, ինչը ցավոք սրտի մենք չենք տեսնում: Ամբողջ աշխարհի փաստարկումն է, որ եթե Հայաստանի իշխանությունները ոչ չեն ձեռնարկում, ապա անիմաստ է արդարադատություն ու պաշտպանություն ակնկալել որևէ մեկից։ Այսինքն առաջին պահանջատերը արդարադատության պիտի լինի Հայաստանի իշխանությունը և համարժեք քայլեր պիտի ձեռնարկի»:
Նա հիշեցրեց, որ Արցախի Ազգային ժողովը երեկ հանդես է եկել հայտարարությամբ. «Ցավոք այլ լծակներ այսօր ճնշում գործադրելու կամ ազդեցություն ունենալու Արցախի իշխանությունները չունեն, բայց իրենց դիրքորոշումը հայտնել են այդ հայտարարության միջոցով»:
Նշենք, որ այսօր Բաքվի դատարանում մեկնարկելու է Բաքվում պահվող 23 գերիներից 15–ի դատավարությունը։