երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սյունիքում եւ Արցախում կստեղծվեն շարժական առաջնային խնամքի միավորներ

Սյունիքում եւ Արցախում կստեղծվեն շարժական առաջնային խնամքի միավորներ

ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամը և Santé Arménie ֆրանս-հայկական առողջապահական հիմնադրամը նախօրեին ստորագրեցին «ՄոբՄեդ» իրավաբանական անձի հիմնադրման պայմանագիրը, որի նպատակն է Սյունիքում և Արցախում շարժական առաջնային խնամքի միավորներ ստեղծելն ու գործարկելը:

Պայմանագիրը ստորագրեցին ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը և Santé Arménie-ի լիազորված անձ Արսէն Մեքինեանը։

«Այս պայմանագիրը վերջին ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունքն է։ Մենք ուրախ ենք վերջապես կյանքի կոչել մեր նախագիծը, որի նպատակը որակյալ բուժօգնությունը մարդկանց համար ավելի հասանելի դարձնելն է», – նշեց Արման Ոսկերչյանը։

Հիշեցնենք, որ ՀԵՆԱՐ-ը և Santé Arménie հիմնադրամը «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության հետ միասին այս տարվա գարնանը գործարկել են շարժական բրիգադներ Արցախում՝ բժշկական ծառայություններն առավել հասանելի դարձնելու համար։

Ծրագրի նպատակն է բժշկական շարժական բրիգադների գործարկման միջոցով գյուղական համայնքներում առողջության առաջնային պահպանման օղակի ծառայություններն ավելի հասանելի դարձնելը:

ՀԵՆԱՐ հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում առողջապահական էկոհամակարգի վերափոխմանը նպաստելու նպատակով։ Կառուցելով և հզորացնելով գործընկերների ցանց, ՀԵՆԱՐ-ի նպատակն է արդյունավետ և կայուն կերպով ստեղծել ավելի բարձր արժեք, ավելի լավ խնամք և, ի վերջո, ավելի լավ առողջություն ներկա և ապագա հայ սերունդների համար:

ՀԵՆԱՐ-ի համահիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը, և Արման Ոսկերչյանը։

  • Կիսվել: