շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սյունիքի մարզպետը հանդիպել է մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Սյունիքի մարզպետը հանդիպել է մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 7-ին հանդիպման էր հրավիրել մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք արձագանքել ու ցանկություն էին հայտնել մասնակցել հանդիպմանը (20-ից ավելի ՀԿ-ներ), հայտնում են Սյունիքի մարզպետարանից: 

Նրանք նախ ներկայացան՝ պատմելով իրենց գործունեության ոլորտների, անցած ճանապարհի, կատարած աշխատանքի, ծրագրերի ուղղվածության մասին։

Մարզպետը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ մարզում տարբեր խնդիրների լուծման գործընթացում ունեցած ակտիվ դերակատարության համար։

Առաջին հանդիպումն ընդհանուր ճանաչողական էր, որի ընթացքում քննարկվեցին մարզային իշխանության և ակտիվ գործող ՀԿ-ների համագործակցության հարթակի ստեղծումն ու հնարավոր փոխգործակցության մեխանիզմները։

Որոշվեց հանդիպում-քննարկումները դարձնել պարբերական ու հետագայում դրանք կազմակերպել կոնկրետ ոլորտային հարցերի համատեքստում։

Հանդիպման նպատակն էր նաև տեղի ՀԿ-ներին տեղեկացնել միմյանց մասին՝ մարզի համար առաջնային տարբեր ծրագրեր իրականացնելիս իրար փոխլրացնելու ու առավել թիրախային աշխատելու նպատակով։

Հյուրերը ողջունեցին նման հանդիպումն ու իրենց հետ աշխատանքի կարևորումը, ինչպես նաև տարբեր խնդիրների մասին հարցեր ու առաջարկներ ուղղեցին Ռոբերտ Ղուկասյանին։

  • Կիսվել: